ՀԲ-ն Հայաստանում մոտ $700 մլն-ի ծրագրեր կիրականացնի

ՀԲ-ն Հայաստանում մոտ $700 մլն-ի ծրագրեր կիրականացնի

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Սիրիլ Մյուլերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հարավկովկասյան տարածաշրջանի նորանշանակ տնօրեն Մերսի Տեմբոնը:

ՀԲ փոխնախագահ Սիրիլ Մյուլերը նշել է, որ անցած տարիների ընթացքում Համաշխարհային բանկն արդեն նախատեսել է մի շարք ծրագրեր, որոնց իրականացումը Հայաստանում մոտ $700 մլն կարժենա: Հայաստանի զարգացման համար այդ ծրագրերի իրականացումը, Մյուլերի համոզմամբ, կարևոր նշանակություն կունենա:

Նախագահը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ Հայաստանի երկար տարիների գործակցությունը և կարևորել բանկի դերը մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, ընդգծելով, որ ՀԲ-ն Հայաստանում ի սկզբանե դիտարկվել է ոչ միայն ներդրումային ծրագրեր ֆինանսավորող, այլ նաև տնտեսական բարեփոխումների և մարդկային կարողությունների զարգացմանն աջակցող գործընկեր: Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ գործընկերությունը կպահպանվի և կամրապնդվի, փոխգործակցությունն ավելի կակտիվանա, իսկ ծրագրային ուղղությունները նոր որակ կստանան` լավագույնս արտահայտելով գլոբալ տնտեսական մարտահրավերները, տարածաշրջանային զարգացումներն ու առանձին երկրներին հատուկ միտումները և քաղաքականության առաջնահերթությունները:

Նախագահը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների իրականացումը Հայաստանում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի հետ ՀԲ-ի գործընկերության ռազմավարության ներկայիս ծրագրի իրականացման ընթացքը, անդրադարձել նաև Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթ ուղղություններին, միջնաժամկետ կայուն տնտեսական աճի համար անհարժեշտ հիմքերի ապահովման խնդիրներին՝ այդ տեսանկյունից կարևորելով ՀԲ-ի դերակատարումը՝ պետություն-մասնավոր հատված մոդելի ներքո մասնավոր ներդրումների խթանմանն աջակցելու գործում:

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը սեպտեմբերի 30-ին հաստատել է $21 միլիոն վարկի հատկացումը Հայաստանի պետական հատվածի արդիականացման III ծրագրին (ՊՀԱԾ III): Վարկը տրամադրվում է փոփոխական տոկոսադրույքով, 14.5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և 25 տարի մարման ժամկետով: Այս ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարության հետագա ջանքերին պետական ֆինանսական հաշվետվությունների ու էլեկտրոնային կառավարման առանձին ծառայությունների հասանելիության բարելավմանը:

2014-ի ընթացքում գործող ճյուղային ծրագրերի իրականցման նպատակով ՀԲ-ի կողմից ՀՀ-ին փաստացի հատկացվել է ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլար:

1992-ին Համաշխարհային բանկին, իսկ 1993-ին Միջազգային զարգացման ընկերակցությանը միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է $2.179,730 մլն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---