Վանում պեղումների ժամանակ հայտնաբերվել են ուրարտական կարաս-դամբարաններ

Վանում պեղումների ժամանակ հայտնաբերվել են ուրարտական կարաս-դամբարաններ

PanARMENIAN.Net - Թուրք հնագետները Վանում պեղումների ժամանակ մոտ 2800 տարեկան ուրարտական կարասներ են հայտնաբերել: Ինչպես գրում է Sabah-ը, կարասների մի մասն օգտագործվել է որպես դամբարան: Պեղումները ղեկավարող Ռաֆետ Չավուշօղլուն հայտարարել է, որ Վանի ամրոցում հայտնաբերվել են նաև թասեր, որոնք օգտագործվել են գինի ստանալու համար` դրանց մեջ խաղող են ճզմել:

Ինչպես հայտնում է BGN-ն, հայտնաբերվել է մոտ 120 կարաս, որոնցից յուրաքանչյուրը մոտ 300 կգ տարողությամբ: Ընդհանուր առմամբ, դրանցում կարող էր պահվել մինչև 36 տոննա յուղ, սնուդն, ցորեն ու գինի:

Ավելի վաղ Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի տարածքում գտնվող տան նկուղում պեղումների ժամանակ հայտնաբերվել է մոտ 3000 տարեկան շան կմախք: 2015-ին պեղումներն իրականացվել են այն տարածքում, որտեղ հնում եղել են քաղաքի բնակելի թաղամասերը: Տան տերերը թաղել են շանն անմիջապես բնակելի տարածքի տակ, ինչը վկայում է, թե որքան շատ են ուրարտացիները սիրել ընտանի կենդանիներին: Ուրարտուում զարգացած է եղել ոչխարաբուծությունը, ուստի բնակիչները հատուկ վերաբերմունք ունեին հոտը պաշտպանող շների հանդեպ: Ըստ գիտնականների, դա հավանաբար, հովվաշան կմախք է: Այն, որ շանը թաղել են հենց բնակելի տարածքում որոշ պակերացում է տալիս Ուրարտուի առօրյա կյանքի մասին:

Թուրք հնագետներն Էրքան Քոնյարի գլխավորությամբ արդեն 6 տարի է պեղումներ են իրականացնում Տուշպայում` Վանա լճի ափին` հետազոտելով Վանի ամրոցի տարբեր հատվածները:

Ավելի վաղ պեղումների արդյունքում հայտնաբերվել է ուրարտական ամենախոշոր տաճարներից մեկին պատկանող սեպագիր արձանագրությամբ պատի բեկոր: Մեր թվարկությունից առաջ 685-645թթ. թագավոր Ռուսա Երկրորդի հրամանով կառուցված Այանիս ամրոցի պատի վրա պատկերված են կենաց ծառը, թևավոր առյուծ և բազում այլ պատկերներ:

Ուրարտուն կամ Վանի թագավորությունը պետություն է Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է Բիայնիլի, երբեմն՝ Նաիրի, ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես Ուրարտու, իսկ Աստվածաշնչում՝ Արարատյան թագավորություն։Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի կառավարման ժամանակ Վանի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին` լինելով Մերձավոր Արևելքի միակ գերտերությունը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---