Հարգանքի տուրք՝ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերին. Գործով վկայություններից մի քանիսը [ֆոտոռեպորտաժ]

Հարգանքի տուրք՝ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերին. Գործով վկայություններից մի քանիսը [ֆոտոռեպորտաժ]

PanARMENIAN.Net - 1999-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանի հերթական քառօրյայի՝ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ-ի վրա ահաբեկչական հարձակում կատարվեց: Ահաբեկիչների գործողությունների արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 հոգի վիրավորվեց, 91-ը՝ գերևարվեց։ Գերիները հիմնականում ԱԺ պատգամավորներ էին։ Գերևարված էին նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս հրավիրեցին։ Գերիների թվում էին նաև վիրավորված պատգամավորներ ու կառավարության անդամներ, ում նույնպես որոշ ժամանակ անց դուրս թողեցին։ Մնացածն ազատ արձակվեցին հոկտեմբերի 28-ի լուսադեմին, երբ ահաբեկիչների զենքերը վայր դրեցին ու հանձնվեցին:

Ներկայացնում ենք ականատեսների, ահաբեկչությունն իրագործողի ու այս կամ այն կերպ դեպքերին առնչություն ունեցողների վկայություններից մի քանիսը.

Նաիրի Հունանյան, ահաբեկչության հիմնական կազմակերպիչներից մեկը. «1988-ին սկսած լինելով մեր ազգային շարժման կիզակետում և ղեկավարելով ուսանողական շարժումը, ականատես եղա, թե ինչպես հետագա տարիներին այլասերվեց այդ շարժումը և իբրև հետևանք կանգ առավ մեր երկրի և ժողովրդի զարգացումը։... Եվ ես մտածում էի, որ հանուն իմ ժողովրդի զարգացման և իմ հայրենիքի բարգավաճման, ես կարող եմ վտանգի ենթարկելով սեփական կյանքս զենք վերցնելով գնալ խորհրդարան այն ժամանակ, երբ կառավարությունն էլ է այնտեղ լինում և ճնշման միջոցով պահանջել, որ վարչապետը հրաժարական տա, և հեռանա քաղաքական ասպարեզից, թողնելու որ ազատ քաղաքական մթնոլորտ իշխի երկրում»։

ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանի վկայության համաձայն՝ ՀՅԴ գրասենյակում էր, երբ հայտնեցին, որ ԱԺ-ում հրաձգություն է եղել։ Մարգարյանը զանգեց ԱԺ իրենց ֆրակցիայի հեռախոսով, բայց պատասխան չստացավ։ Մոտ կես ժամ անց նրան զանգահարեց Մարտուն Մաթևոսյանն ու հեռախոսը փոխանցեց Հունանյանին.

«Հրանտ, ես եմ Նաիրին, գրավել ենք Ազգային ժողովը սպանեցի շանը՞՞՞ և այս պահը պատմական է»: Ես ասացի՝ դու ո՞ր Նաիրին ես, նա ասաց, «քանի Նաիրի գիտես», ասացի Եղեգնաձորի Նաիրի՞ն ես, (հիշեցի եղեգնաձորցի Նաիրիին, որը կռված տղա էր), նա ասաց. «ոչ, ես եմ՝ Նաիրի Հունանյանը, տղաներին վերցրու, արեք այստեղ», պատասխանեցի «տեսնեմ»:

Այնուհետև Մարգարյանը զանգահարեց ԱԱՆ, որտեղ կապվեց Գորիկ Հակոբյանի հետ, որին պատմեց զանգի մասին...

Ռոբերտ Քոչարյան, ՀՀ նախագահ. «Իմ հարցին, թե արդյոք ուներ որևէ անձնական թշնամանք Վազգեն Սարգսյանի նկատմամբ, տվեց բացասական պատասխան ու սկսեց դժգոհել երկրում ստեղծված վիճակից, Վազգեն Սարգսյանի դերակատարությունից, որ իբր նա խանգարում էր երկրի զարգացմանը, մեղավոր է ստեղծված վիճակի համար և այլն, որ երկրում ցնցում էր անհրաժեշտ ու այդ քայլին ինքը դիմել է հանուն ժողովրդի, պատմությունը, սերունդները կգնահատեն իրեն, որ իրենց վրա ևս եղել են կրակոցներ։ Սարգսյանից բացի մյուս զոհերը պատահական կրակոցների արդյունք են»:

«Ուղիղ եթերով հանդես գալու պահանջը կտրականապես մերժեցի և կանգնեցինք երկկողմանի նախապես գրված տեքստով հաղորդավարի միջոցով հայտարարությամբ հանդես գալու տարբերակի վրա։ Իր տեքստում նա մի ամբողջ պարբերություն գրել էր Վազգեն Սարգսյանի վերաբերյալ, որը ես պահանջեցի հանել, նա որոշ տարակուսանքից հետո համաձայնվեց։ Ալեքսան Հարությունյանը խմբագրեց տեքստերը, դրանք ընթերցվեցին ու դրանով մեր բանակցություններն ավարտվեցին, որից հետո նրան տարան դահլիճ, ինչին հետևեց զենքերի հանձնման պրոցեսը:

Աննա Իսրայելյան, լրագրող. «Ինչի՞ համար»,- ԱԺ նիստերի դահլիճից դուրս բերվելուց հետո Նաիրի Հունանյանին դիմեց «Առավոտի» թղթակից Աննա Իսրայելյանը։ «Սրանց ես ոչ թե սենց պիտի սպանեի՝ պիտի մորթեինք։ Էս ժողովրդի արյունը 10 տարի ծծեցին, էս երկիրը կործանեցին։ Բան չի մնացել։ Երկու շենք է մնացել, էս էլ կվերացնեն՝ կպրծնի»։ «Բայց Վազգեն Սարգսյանին սպանելով...», և հարցը կիսատ թողեց՝ «Վազգենն էս ազգի ամենատ....ն էր՝ 5 տարի չթողեց ընտրություն լինի»։ «Բայց ինչո՞ւ հիմա» հարցին էլ պատասխանեց՝ ցույց տալով ավտոմատը. «Որովհետեւ հիմա եմ ճարել էս ք...քը։ Շուտ ճարեի՝ ես 1992 թվին Լևոնին շան նման կսատկացնեի»։ Նաիրի Հունանյանի բերանից ալկոհոլի սաստիկ հոտ էր փչում»...

Խաչատուր Սուքիասյան, պատգամավոր. «Հարց ու պատասխանի ժամանակ, ժամը չեմ հիշում կոնկրետ, բայց 17-ն անց էր, մի քանի րոպե լսվեց բարձրաձայն հայհոյանքների ձայն ու կրակոցներ։ Հայհոյանքներն ուղղված էին վարչապետի հասցեին և կրակոցներ լսվեցին։ Ես մտածեցի, որ այդ կրակոցներն ուղղված էին վարչապետին։ Հետո լսեցի խոսքեր, թե «ժողովրդին ծծեցիք, թալանեցիք» և ես հասկացա, թե ինչ է կատարվում և մտածելով, որ բոլոր պատգամավորներին սպանելով գալիս են, մտածեցի, որ փախնել է պետք ու անմիջապես արագ քայլերով դուրս եկա իմ մուտքի դռնից դեպի փոքր նախասրահ և մեծ աստիճաններով իջա դեպի ներքև»:

Դեպքերից 16 տարի անց, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ 5-րդ գումարման պատգամավորները խորհրդարանի բակում ահաբեկչության զոհերի հիշատակին տեղադրված հուշարձանի մոտ ծաղիկներ են դրել՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

23  27.10.15 - ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---