Եվրամիությունը պաշտոնապես կասեցրել է Լուկաշենկոյի դեմ գործող պատժամիջոցները

Եվրամիությունը պաշտոնապես կասեցրել է Լուկաշենկոյի դեմ գործող պատժամիջոցները

PanARMENIAN.Net - Եվրամիությունը պաշտոնապես կասեցրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ գործող պատժամիջոցները: Սահմանափակումներն այլևս չեն տարածվում այդ երկրի ևս 170 քաղաքացու վրա, ասվում է ԵՄ պաշտոնական մատյանում հրապարակված հաղորդագրության մեջ: Խոսքն այդ թվում նաև Լուկաշենկոյի երկու որդիների մասին է, ինչպես նաև ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինայի, մի շարք դատախազների և նախարարների, հայտնում է BBC-ին:

Պատժամիջոցները կասեցվել են մինչև 2016-ի փետրվարի 29-ը: Այդ անձանց վերաբերյալ վերոնշյալ ժամկետում չի գործի Եվրամիության մուտքի արտոնագիր ստանալու արգելքը: Պատժամիջոցները նաև ժամանակավորապես հանվել են «Բելտեխէքսպորտ», «Բելտեխ հոլդինգ», «Սպեցպրիբորսերվիս» ընկերություններից:

«Որոշումը կայացվել է ի պատասխան օգոստոսի 22-ին բոլոր բելառուս քաղբանտարկյալների ազատ արձակմանը և ԵՄ-Բելառուս հարաբերությունների բարելավման համատեքստում»,-ասվում է ԵՄ Խորհրդի կոմյունիկեում: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԵՄ-ն կշարունակի «ուշադիր հետևել իրավիճակին ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում»:

Ըստ էության եվրոպական «սև ցուցակի» գործողությունը հերթական անգամ երկարացվել է` 4 ամսով, սակայն ԵՄ երկրների Նախարարների խորհրդի որոշմամբ այդ նույն ժամկետով այն կասեցվել է Բելառուսի 170 պաշտոնյայի և 3 ընկերության համար:

Ավելի վաղ Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հուսով, է, որ բոլոր պատժամիջոցները կչեղարկվեն և ԵՄ հետ հարաբերությունները կկարգավորվեն:

Բելառուսում մարդու իրավունքների խախտման մասին հայտարարող Եվրամիությունը 2012-ին ընդլայնեց դեռևս 2010-ի դեկտեմբերին սահմանված պատժամիջոցները`սահմանափակելով բելառուս պաշտոնյաների մուտքը ԵՄ տարածք, որպես պայման ներկայացնելով քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջը: Մինսկը պնդում էր, որ երկրում քաղբանտարկյալներ չկան: ԵՄ Խորհուրդը երկարացրել էր Բելառուսի դեմ պատժամիջոցները մինչև 2015-ի հոկտեմբերի 31-ը:

Նախարարների որոշման վրա որպես դրական ազդեցություն ունեցած գործոն նշվում է նաև Բելառուսի աջակցությունն Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---