Անդամակցությունը ԱՀԿ-ին նպաստեց Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային տնտեսությանը

PanARMENIAN.Net - 2003թ. Առեւտրի Համաշխարհային Կազմակերպություն Հայաստանի մուտքը նպաստեց համաշխարհային տնտեսությանը մեր ինտեգրմանը եւ մեր գործընկերների հետ հարաբերությունները դարձրեց ավելի կանխատեսելի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելույթ ունենալով Բեռլինում` Բերտելսման հիմնադրամում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Իր ելույթում Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես նշել է. «Անցյալ տարի «Wall Street Journal»-ի եւ «Ժառանգություն» հիմնադրամի համատեղ ուսումնասիրության համաձայն աշխարհի բաց տնտեսությունների շարքում Հայաստանը դասվեց 27-րդ տեղում: Բարեփոխումների արդյունավետությունն արտացոլվում է ցուցանիշներում: Վերջին 6 տարիների ընթացքում ՀՆԱ-ի տարեկան միջին աճը կազմել է 12.2 տոկոս: Արտաքին ներդրումներն անցյալ տարի կազմել են 500 միլիոն ԱՄՆ դոլար: Այսպիսի առաջընթացը մեր կառավարությանը թույլ է տալիս իր ջանքերն ուղղել հասարակության առջեւ ծառացած սոցիալական խնդիրների լուծմանը: Ես կցանկանայի հատկապես առանձնացնել Աղքատության հաղթահարման ծրագիրը, որը մշակվել է կառավարութան, միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության սերտ համագործակցությամբ: Այդ փորձը օգտագործվում է Համաշխարհային բանկի կողմից որպես ուսանելի օրինակ` այլ երկրներում համանման ծրագրեր մշակելու համար:



Այս տարի մեր կառավարությունը հայտարարել է մեկ այլ նոր գերակայություն, որը կհանգեցնի հասարակության համակարգային փոփոխության: Մենք սկսել ենք լայնածավալ ծրագիր` ուղղված Հայաստանի գյուղական շրջանների զարգացմանը: Ներկայումս գոյություն ունի մեծ անջրպետ մայրաքաղաքում եւ գյուղական համայնքներում առկա իրավիճակների միջեւ: Մենք մոբիլիզացրել ենք եղած ռեսուրսներն, ինչպես նաեւ կոչ արել Սփյուռքի մեր հայրենակիցներին` ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` բարձրացնելու Հայաստանի գյուղական վայրերի կենսամակարդակը: Մեր կարծիքով, այն խթան կհանդիսանա երիտասարդների համար` զարգացնելու իրենց շրջանները, քաղաքներն ու գյուղական համայնքները:



Մեկ այլ մրցակցային առավելություն, որի վրա հիմնված են մեր բարեփոխումները, Հայաստանում գրագիտության բարձր մակարդակն է: Մենք պատրաստվում ենք զարգացնել գիտատար տնտեսություն: ՀՆԱ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնաբաժինն արդեն 2 տոկոս է: Միեւնույն ժամանակ, մենք լիովին հասկանում ենք, որ անհնարին կլիներ օգտվել այդ առավելությունից առանց լուրջ փոփոխություններ իրականացնելու մեր գիտական եւ կրթական ոլորտներում: Հենց դա է պատճառը, որ Հայաստանն սկսեց իր ակտիվ մասնակցությունը Բոլոնյան գործընթացին, որպեսզի իր կրթական համակարգը համապատասխանեցնի եվրոպական չափորոշիչներին: Ներկայումս մենք նաեւ մշակում ենք համապարփակ ռազմավարություն` հիմնարար եւ կիրառական գիտությունների ոլորտում բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Անցումային դժվարին շրջանում մարդկային ներդրումն անտեսվում էր, եւ ներկայումս մենք փորձում ենք լրացնել այդ բացը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---