Ընտրություններն Ադրբեջանում. Իշխող կուսակցությունը հաղթում է լուրջ ընդդիմության բացակայության պայմաններում

Ընտրություններն Ադրբեջանում. Իշխող կուսակցությունը հաղթում է լուրջ ընդդիմության բացակայության պայմաններում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

Ինչպես գրում է Trend-ը, ընտրողների մասնակցությունը կազմել է 55,7 տոկոս: Քվեարկել է 2,89 մլն ընտրող, ինչը 6 տոկոսով ավելի է, քան նախորդ ընտրությունները: Ընտրությունները բոլոր տեղամասերում համարվել են կայացած: Իշխող «Ենի Ադրբեջանը» հաղթել է 125 ընտրատարածքից 71-ում: Իշխանությունների հաղթանակը սպասված էր երկրում լուրջ ընդդիմադիր ուժերի բացակայության պայմաններում:

Ընտրություններից մի քանի օր առաջ ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավարությունը հայտարարեց, որ կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին: Ավելի վաղ կուսակցությունն առաջարկել էր իշխանություններին կասեցնել ընտրարշավն ու հետաձգել ընտրությունները 4 ամսով` մինչ այդ ազատելով բոլոր քաղբանտարկյալներին, ժողովրդավարական և հավասար պայմաններ ստեղծելով բոլոր քաղաքական ուժերի և թեկնածուների համար:

Ադրբեջանի իշխանությունները ստեղծում են «անկախ» թեկնածուների քանակի աճի իմիտացիա: Միջազգային կառույցները բավականին խիստ դիրքորոշում են որդեգրել ընտրությունների հարցում: 2015-ի սեպտեմբերի 11-ին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն Մայքլ Լինքը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունների սահմանափակումների պատճառով ԺՀՄԻԳ-ը ստիպված էր հրաժարվել ընտրությունների դիտարկումից: Ավելի վաղ հաստատությունը մտադիր էր 380 դիտորդ գործուղել Ադրբեջան: ԵԱՀԿ ԽՎ-ն նույնպես հրաժարվել է դիտորդական առաքելությունից:

Միջազգային Transparensy International և Human Rights Watch (HRW) կազմակերպությունները հայտնում են Ադրբեջանում հասարակական ակտիվիստների, լրագրողների և փաստաբանների հետապնդումների մասին: HRW տվյալներով 2014-ին Ադրբեջանի իշխանություններն առնվազն 35 լրագրողի և իրավապաշտպանի են ձերբակալել: Ադրբեջանի իշխանությունները հերքում են մեղադրանքները: Ալիևը խիստ քննադատության է ենթարկել ընտրություններին դիտորդների չուղարկելու վերաբերյալ ԵԱՀԿ որոշումը:

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---