ՀՀ պետպարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 2015-ին կազմելու է 48.3%, 2016-ին՝ 49.4%

ՀՀ պետպարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 2015-ին կազմելու է 48.3%, 2016-ին՝ 49.4%

PanARMENIAN.Net - ՀՀ պետական պարտքը 2015-ի ակնկալվող ՀՆԱ-ի նկատմամբ կազմելու է 48.3%, իսկ 2016-ի նախագծով՝ 49.4%: Այս մասին նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2016-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ի նիստում հաստատել է 2016-ի պետական բյուջեի նախագիծը, համաձայն որի՝ ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 2.2%, ՀՆԱ-ի դեֆլյատորի մեծությունը՝ 4%, 12–ամսյա գնաճի թիրախը 4%` +/-1.5%, դեֆիցիտը՝ 3.5%։

Ծախսերի ընդհանուր գումարը նախատեսված է 1 տրլն 373 մլն դրամ (1,373,746,924.1 դրամ), եկամուտների ընդհանուր գումարը՝ 1 տրլն 183 մլրդ դրամ (1,183,003,998 դրամ), իսկ դեֆիցիտը՝ 197 մլրդ դրամ (190,742,926 դրամ): Ծախսերի ծավալի 96%-ը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին։ 2016-ի բյուջեի ծախսային մասը 2015-ի պետական բյուջեի համեմատ ավելացել է մոտ 68 մլրդ դրամով:

Բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը ծրագրվել են 1 տրլն 129 մլրդ դրամ:

«Իսկ արտաքին պարտք-ՀՆԱ ցուցանիշն 2015-ին կկազմի 42.3%, 2016-ին՝ 42.8% »,- ասել է Սաֆարյանը՝ հավելելով, որ այդ 42.3%-ից ՀՀ կենտրոնական բանկի պարտքը 4.2% է՝ ինչպես 2015-ին, այնպես էլ 2016-ին:

Նա նշել է նաև, որ նախագծով ներքին պարտքը 6% է կազմում 2015-ին, իսկ 2016-ին 6.6%, գրում է Panorama.am:

2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 2109.6 մլրդ դրամ կամ 4441.5 մլն դոլար: 2013-ի համեմատ դրամով արտահայտված պարտքի ծավալն աճել է 248.3 մլրդ դրամով և միևնույն ժամանակ դոլարային արտահայտությամբ այն նվազել է 147.0 մլն դոլարով, որը բացատրվում է տարեվերջին դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի զգալի արժեզրկմամբ:

Պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 43.6%` ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2015-2017թթ. ռազմավարական ծրագրով նախատեսված 42.6%-ի փոխարեն, որը պայմանավորված է դրամով արտահայտված պարտքի ծավալի ծրագրայինից բարձր լինելու հանգամանքով:

ՀՀ 2015-ի բյուջեի նախագծով նախատեսվում է 4,1% տնտեսական աճ:

2015-ի նախագծի համաձայն՝ համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,201.3 մլրդ դրամ, ծախսերի գծով 1,337.9 մլրդ դրամ, պակասուրդը՝ 116.6 մլրդ դրամ: Կառավարությունը 2014-ի նոյեմբերի 27-ին հավանություն է տվել 2015-ի պետական բյուջեի փոփոխված նախագծին, ըստ որի՝ 13,5 միլիարդ դրամի ծախսային ծրագրեր են ավելացել՝ մասնավորապես կուտակային համակարգի ներդրման ծախսերն ավելացել են 5 մլրդ դրամով, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման համաֆինանսավորման համար՝ 3 մլրդ դրամ, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համար՝ 2 մլրդ դրամ, Քննչական կոմիտեի համար՝ 1,2 մլրդ դրամ, սահմանամերձ գյուղերի համար՝ 900 մլն դրամ:

Բյուջեի ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ 2016-ի պետական բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն:

Վարչապետը նել է, որ 2016-ին ևս շարունակվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրվող ֆինանսական աջակցությունը:

Աբրահամյանը խոսել է նաև հարկաբյուջետային զարգացումներից.

«Գլոբալ կառուցվածքային փոփոխությունները և լարված աշխարհագրական զարգացումները հաշվի առնելով` տնտեսական աճի և հանրային բարեկեցության բոլոր ասպեկտներով անմիջական բարելավումներ խոստանալն ամբոխահաճո, սակայն ոչ ազնիվ մոտեցում է»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

Վարչապետի խոսքով՝ բազմաթիվ հեղինակավոր տնտեսագետներ և կառույցներ 2015-ի զարգացումները տարածաշրջանի համար գնահատում են ավելի ծանր, քան 2008-2009-ի միջազգային ճգնաժամը:

«Էներգակիրների գների կտրուկ տատանումներով է պայմանավորված տարադրամային տատանումները ՌԴ-ում, որոնք բերեցին տարածաշրջանային երկրների տարադրամի անկման: Նման անկումը էապես դանդաղեցրեց տնտեսական աճի ներուժը: Այս պայմաներում Հայաստանում ինը ամիսների ընթացքում գրանցված մոտ 3,6% տնտեսական աճը մեր մոտեցման արտացոլումն Է», - ասել է Աբրահամյանը:

Այս համատեքստում նա ընդգծել է, որ արտաքին պայմանների վատթարացման դեպքում հանրային բարեկեցության միակ ճանապարհը ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծումն է:

«Հարկ է հնարավորինս խթանել հայրենի արտադրողին, խրախուսել արտահանումը , ստեղծել երկարատև և կայուն աճի նախադրյալներ», - ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ տնտեսական աճի տեմպերի այսպիսի նվազեցման պայմաններում ՀՀ կառավարության ծրագրով նախանշված կառավարման և կառուցվածքային բարեփոխումներին զուգահեռ գործարար միջավայրի համար խիստ կարևոր է հարկաբյուջետային կայունությունը և հենց այդ առումով բացարձակ կարևորություն է ստանում ՀՀ նոր հարկային օրենքի քննարկումն ու ընդունումը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---