Ադրբեջանի ընդդիմություն. Ընտրություններն ամենաամոթալին էին երկրի պատմության մեջ

Ադրբեջանի ընդդիմություն. Ընտրություններն ամենաամոթալին էին երկրի պատմության մեջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները համարել է «ամենաամոթալին Ադրբեջանի պատմության մեջ»:

«Դեռևս մինչ ընտրությունը հայտնի էր, որ դրանք ազատ ու արդար չեն լինելու: Ազգային խորհուրդն այդ մասին զգուշացրել էր: Բռնաճնշումների միջավայրն առկա էր նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում: Ընտրական հանձնաժողովները գտնվում էին իշխանությունների վերահսկողության տակ»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ, Tert.am-ին հղումով գրում է Contact.az-ը։

Նշվում է նաև, որ օրենքի զանգվածային խախտումների պատճառով մոտ 500 թեկնածու հանվել է ընտրարշավից:

Ընդդիմադիր ուժի տվյալներով՝ իրականում ընտրողների մասնակցությունը չի գերազանցել 10%-ը:

«Կառավարությունը նախապես ձևավորված խմբերի ու «կարուսելների» միջոցով արհեստականորեն բարձրացրել է մասնակցության ցուցանիշը: Կասկած չի հարուցում այն, որ նախապես կազմված է եղել այն անձանց ցանկը, որոնք պետք է պատգամավոր դառնան: Սակայն ժողովրդի ու միջազգային հանրության աչքին դրանք ոչ թե ընտրված, այլ նշանակված պատգամավորներ են», -ասված է հայտարարության մեջ:

Կառույցը նշել է, որ նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլում ժողովրդի կամքը, կեղծված են և լեգիտիմ չեն։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Ադրբեջանի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակության անդամները միակարծիք չեն ընտրությունների գնահատականի վերաբերյալ, գրում է Panorama.am-ը:

ԵԽԽՎ պաշտոնական հաղորդագրության մեջ դիտորդները նոյեմբերի 1-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները համարել են համարժեք, որը «ընդհանուր առմամաբ համապատասխանել է միջազգային չափանիշներին»։ Սակայն այս գնահատականների հետ համաձայն չեն պատվիրակության 3 անդամ, ովքեր տարածել են առանձին հայտարարություն՝ Ադրբեջանում ընտրությունների վերաբերյալ։

ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատգամավորներ Ֆրենկ Շվաբեի և Ուտե Ֆինք-Կրամերի, Իռլանդիայի պատգամավոր Մայքլ ՄքՆամարայի ներկայացրած գնահատականում պատգամավորները նշում են, որ ցավում են, որ չեն կարող այս ընտրությունները համարել քայլ առաջ՝ դեպի ժողովրդավարական, ազատ և արդար ընտրություններ։

«Թեև ընդունում ենք այս ընտրությունների տեխնիկական և կազմակերպչական ձեռքբերումները, երկրում տիրող իրավիճակը՝ կապված քաղաքական ազատությունների, ազատ արտահայտման և լրատվամիջոցների, հավաքների ազատության հետ, չի ապահովում ազատ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար պայմաններ։

Նախընտրական շրջանը նշանավորվեց մարդու իրավունքների վատթարացմամբ, որը էական նախապայման է ազատ և ժողովրդավարական ընտրությունների համար»,-նշվում է հայտարարության մեջ։

Պատգամվորները նշում են, որ առավել ինտենսիվացել է լրագրողների և քննադատական կարծիք հայտնողների չհիմնավորված և ընտրովի քրեական հետապնդումները, մեծացել են կառավարությանը քննադատող ՀԿ-ների աշխատանքի խոչընդոտները։ Անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մի քանի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Լեյլա Յունուսը, Արիֆ Յունուսը, Ինթիգամ Ալիևը և Ռասուլ Ջաֆարովը, ներկայումս բանտարկված են։

Նշվում է, որ Ադրբեջանում խոսքի ազատությունը, ներառյալ մամուլի ազատությունը արդեն վաղուց մտահոգության առարկա են ազգային և միջազգային դիտորդների մոտ, ինչն առավել է վատացել։

Մտահոգություն է հայտնվում նաև, որ կանխվեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի երկարաժամկետ դիտորդների կողմից Ադրբեջանում ընտրությունների դիտարկումը։

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է նոյեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

Ինչպես գրում է Trend-ը, ընտրողների մասնակցությունը կազմել է 55,7 տոկոս: Քվեարկել է 2,89 մլն ընտրող, ինչը 6 տոկոսով ավելի է, քան նախորդ ընտրությունները: Ընտրությունները բոլոր տեղամասերում համարվել են կայացած: Իշխող «Ենի Ադրբեջանը» հաղթել է 125 ընտրատարածքից 71-ում:

Կարդացեք նաև՝ Ընտրություններն Ադրբեջանում. Իշխող կուսակցությունը հաղթում է լուրջ ընդդիմության բացակայության պայմաններում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---