ԱՄՆ հայերը այսուհետ եւս աջակցելու են Լեռնային Ղարաբաղին

PanARMENIAN.Net - «Չկա Հայաստան` առանց Արցախի, եւ չկա Արցախ` առանց Հայաստանի: Մենք պետք է մեզնից կախված ամեն ինչ անենք Արցախի առաջընթաց զարգացման համար»,- այս միտքը կարմիր թելի պես անցնում էր նախորդ շաբաթ երեկոյան Սանտա Աննա (Կալիֆոռնիայի նահանգ) քաղաքում կայացած ընդունելությանը հայկական սփյուռքի ներկայացուցիչների ելույթների միջով, ընդունելություն, որն անց է կացվել ի պատիվ այս օրերին ԱՄՆ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ԼՂՀ նախագահը, իր հերթին, ամերիկացի հայրենակիցներին երախտագիտություն է հայտնել այն բազմամյա աջակցության համար, որ նրանք ցուցաբերում են Արցախին` նրա սոցիալ-տնտեսական, մշակութային եւ հոգեւոր զարգացման գործում: Նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ձեռքբերումներն անհնարին կլինեին առանց այդ աջակցության` լինի այն մարտական գործողությունների ժամանակ, թե ներկայումս` ԼՂՀ հետպատերազմյա շենացման շրջանում: Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առաջիկայում եւս աջակցություն ցուցաբերել հանրապետությանը` այստեղ զարգացման տարաբնույթ ծրագրերի իրագործմամբ: Ընդգծվեց նաեւ Սփյուռքի ակտիվ մասնակցության ընդլայնումը առաջիկա նոյեմբերի 23-ին ԱՄՆ-ում անցկացվելիք դրամահավաքին` ուղղված Լեռնային Ղարաբաղի, մասնավորապես, ԼՂՀ Հադրութի շրջանի հետագա շենացմանը: Ընդունելությանը մասնակցում էին հայտնի բարերարներ Կոստի եւ Մերիան Շիրվանյանները, Ռալֆ եւ Սավի Թյուֆենկյանները, Հակոբ եւ Մինա Շիրվանյանները, Վարդգես եւ Մերի Նաջարյանները, Վահե եւ Վերոնիկ Կարապետյանները, Ռոջեր եւ Էլեն Հովհաննիսյանները, Հակոբ Բաղդասարյանը եւ այլոք: Միջոցառմանը մասնակցում էր Լոս-Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---