Հայոց ցեղասպանության հարցն ուղղակի «ամերիկյան մահակ է» Թուրքիայի համար, գտնում են Բաքվում

PanARMENIAN.Net - «Սենատորների եւ ընդհանրապես ամերիկացի քաղաքական գործիչների վերաբերմունքն այս կամ այն երկրի հանդեպ կախված է բազմաթիվ գործոններից: Եթե Թուրքիան այդքան նշանակալի չլինի ԱՄՆ շահերի համար, այն ժամանակ կարելի է ակնկալել նման ճանաչում (Հայոց ցեղասպանություն` ծանոթ. խմբ.): Ինչո՞ւ են Արեւմտյան Եվրոպայում այդքան զուսպ վերաբերվում Թուրքիային Եվրամիությանն անդամակցելու հարցում եւ մշտապես բարձրացնում է Հայոց ցեղասպանության մասին հարցը: Բոլորովին էլ ոչ այն բանի համար, որ հարգում են զոհված հայերի հիշատակը կամ առանձնապես սիրում են հայերին»,-հայտարարել է Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի բախումնաբանության դեպարտամենտի տնօրեն Արիֆ Յունուսովը: Նրա խոսքերով, «բանը ոչ թե հայերի մեջ է, այլ Թուրքիայի հանդեպ վերաբերմունքի»: «Արեւմտյան Եվրոպայում Թուրքիայից ակնհայտորեն վախենում են եւ չեն ցանկանում թողնել նրան «Եվրոպական միություն» կոչվող այդ քրիստոնեական ակումբը: Չի լինի Հայոց ցեղասպանության հարցը, մեկ այլ հարց կարծարծեն: ԱՄՆ-ում էլ ոչ թե հայերն են կարեւոր դերը կատարում այս կամ այն որոշման կայացման հարցում, այլ Թուրքիայի հանդեպ վերաբերմունքը: Հավանաբար, ԱՄՆ-ում մշտապես կարծարծվի ցեղասպանության ճանաչման հարցը, ընդ որում հայերը աղմկոտ արշավներ կկազմակերպեն եւ կկարծեն, թե այս անգամ հարցը կլուծվի: Դա կօգտագործվի ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի հանդեպ ճնշում գործադրելու համար` Մերձավոր Արեւելքում այս կամ այն հարցը լուծելու ակնկալիքով: Չէ որ ամերիկացիները շատ խնդիրներ ունեն տարածաշրջանում, թեկուզ, օրինակ իրանական ճգնաժամի լուծման խնդիրը, կամ պաղեստինյան հարցը եւ Իսրայելի հարաբերություններն արաբական աշխարհի հետ»,-նշել է ադրբեջանցի քաղաքագետը: «Մինչդեռ Թուրքիան կարող է շատ կարեւոր դերակատարություն ունենալ, ընդ որում ինչպես ամերիկացիների համար դրական, այնպես էլ` բացասական: Այնպես որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն ուղղակի ամերիկյան մահակ է, ուղղված Թուրքիայի դեմ: Այն միշտ բարձրացված կլինի, իսկ կիջնի թե ոչ դեռեւս որոշված հարց չէ եւ կախված է աշխարհաքաղաքական իրավիճակից տարածաշրջանում»,-հայտարարել է Արիֆ Յունուսովը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---