21 նոյեմբերի 2006 - 16:38 AMT
Տրայան Բասեսկու: Մոսկվայի օգնությունը սառեցված հակամարտությունների կարգավորման հարցում չի զգացվում
Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն վախենում է Կոսովոյի օրինակի օգտագործման հավանականությունից հետխորհրդային տարածքում: Տ. Բասեսկուն ռուսական մամուլին տված հարցազրյուցում հայտարարել է, որ Մոսկվայի օգնությունը սառեցված հակամարտությունների կարգավորման հարցում չի զգացվում: Նրա խոսքերով, այն դեպքում, երբ մերձդնեստրյան տարածաշրջանը հանդիսանում է Մոլդովայի բաղկացուցիչ մասը, Ռուսաստանը վստահորեն հավանություն է տալիս Իգոր Սմիրնովի վարչակարգին: «Չնայած վերջին 10 տարիների ընթացքում ԱՊՀ տարածքի սառեցված հակամարտությունների կարգավոմանը միացել են համաշխարհային տերությունները, այդ հակամարտություններից եւ ոչ մեկը չի կարգավորվել»: Ռումինիայի նախագահի կարծիքով, հակամարտությունների կարգավորման հարցում դրական արդյունքների համար բոլոր հակամարտություններին պետք է ընդհանուր դիրքորոշումից մոտենալ: Տ. Բասեսկուն նշել է, որ Կոսովոյի անկախության ճանաչումը կարող նախադեպ դառնալ այլ սառեցված հակամարտությունների կարգավորման համար. «Եթե որպես Կոսովոյի անկախության ճանաչման հիմնական պատճառ նշվի այն, որ այդ մարզի բնակչության 84 տոկոսը ալբանացիներ են, ապա ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում այս նախադեպը այլ հակամարտությունների, այդ թվում Մերձդնեստրի դեպքում կիրառելու համար»: Ռումինիայի առաջնորդը հայտարարել է, որ «սառեցված հակամարտությունների կարգավորման գործընթացում կարող է խոսք գնալ միայն ազգային փոքրամասնությունների ինքնավարության երաշխիքի, մշակույթի եւ ավանդույթների պաշտպանության մասին»: Սակայն «նոր պետության ստեղծումը» չի կարող քննարկման առարկա դառնալ, հայտնում է ԱՊԱ-ն: