Independent. Քրիստոնեությունը Մերձավոր Արևելքում կարող է անհետանալ

Independent. Քրիստոնեությունը Մերձավոր Արևելքում կարող է անհետանալ

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» կողմից քրիստոնյաների դաժան հետապնդումների պատճառով առաջիկա 10 տարում Մերձավոր Արևելքի որոշ երկրներում քրիստոնեությունը կարող է «հիմնովին անհետանալ», գրում է The Independent-ը` «Օգնություն աղետյալ եկեղեցիներին» կազմակերպության զեկույցի վրա հղումով: Հետազոտությունները վկայում են, որ կրոնական դրդապատճառներով էթնիկ զտումների հետևանքով վերջին 2 տարում քրիստոնյաների թվաքանակը տարածաշրջանում զգալիորեն նվազել է: Առավելապես դա վերաբերվում է Իրաքին, Սիրիային, որտեղ առավել ակտիվ են իսլամիստները:

«Քրիստոնյաների մշակութային ցեղասպանությունը դուրս է մղում հավատացյալներին Մերձավոր Արևելքից»,-ասել է զեկույցի հեղինակներից մեկը: Նա նշել է, որ այդպիսով ցանկանում են քրիստոնեությունը «համաշխարհային կրոնից վերածել տարածաշրջանայինի»:

2014-ի սեպտեմբերի 21-ին ծայրահեղականներն ականապատել և պայթեցրել են Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: 2013-ին Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Ռաքքայի Թել Աբիդադ քաղաքում, իսլամիստները հրկիզել են հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, որտեղ ապաստան էին գտել արաբ ընտանիքներ: Թալ Աբրիադ սիրիական քաղաքի հայկական եկեղեցին վերածվել է բանտի:

Մասնագետները զգուշացնում են, որ եթե Իրաքի քրիստոնյաներին «անհապաղ օգնություն» չցուցաբերվի միջազգային մակարդակով, ապա արդեն 5 տարուց այնտեղ քրիստոնյա չի մնա: Այժմ Իրաքում մոտ 275 հազար քրիստոնյա կա, իսկ հարևան Սիրիայում վերջին 4 տարում նրանց քանակը 1,25 միլիոնից նվազել է մինչև 500.000-ը, հայտնում է Gazeta.ru-ն:

Հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։ Սիրիական ճգնաժամից հետո արաբական հանրապետությունից հեռացել է 10.000 հայ:

Մինչև 2003-ի պատերազմը իրաքահայերի թիվը կազմել է մոտ 25.000: 2005թ. ընդունված Իրաքի սահմանադրության մեջ նշված է, որ հայերենը կարող է օգտագործվել որպես մայրենի լեզու։ 2009 թվականի տվյալներով` Իրաքում բնակվում էր շուրջ 16 հազար հայ:

Պարբերականը նշում է, որ ԻՊ գրոհայինները և մյուս ջիհադականները երկու երկրներում ստիպում են քրիստոնյաներին բռնի դավանափոխ լինել, առևանգում և սպանում են քահանաներին: Քրիստոնյաները ԻՊ թիրախն են դարձել ոչ միայն դավանանքի, այլ նաև այն պատճառով, որ նրանց կասկածում են Արևմուտքի հետ կապերի մեջ:

Նշվում է նաև, որ զեկույցը մտահոգել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, որը հայտարարել է, թե «աշխարհը պետք է իրազեկվի քրիստոնյաների աղետալի վիճակի և տառապանքների մասին»:

Մերձավոր Արևելքի քրիստոնյաների համար հիմնական սպառնալիքը բխում է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումից:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Ահաբեկիչները իրենց ճանապարհին ոչընչոցնում են նաև քրիստոնեական հնագույն հուշարձանները: Պատմական քաղաքներ, հուշարձաներ ու կառույցներ, այդ թվում հայկական, որոնք հայտնվել են իսլամիստների հետ ռազմական գործողությունների կենտրոնում, թալանվել, հրկիզվել, ավերվել են:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---