Իսպանիայի կառավարությունը հայց է ներկայացրել ՍԴ` վիճարկելով Կատալոնիայի անկախացման բանաձևը

Իսպանիայի կառավարությունը հայց է ներկայացրել ՍԴ` վիճարկելով  Կատալոնիայի անկախացման բանաձևը

PanARMENIAN.Net - Իսպանիայի կառավարությունը արտահերթ նիստում որոշում է կայացրել հայցով դիմել Սահմանադրական դատարան Կատալոնիայում ընդունված անկախացման գործընթացի մասին բանաձևն ապօրինի ճանաչելու մասին հայցով:

Նոյեմբերի 9-ին Կատալոնիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով «հռչակվում է կառավարման հանրապետական ձևով անկախ պետության ստեղծման գործընթացի մեկնարկը»: Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ ապօրինի է համարում այդ քայլը: Պետական խորհուրդը, որը համարվում է Իսպանիայի կառավարության բարձրագույն խորհրդատվական մարմինը, նախօրեին խորհուրդ էր տվել կառավարությանը դիմել հայցով ՍԴ:

«Նրանք առաջարկում են վերջ տալ ժողովրդավարությանն ու իրավական պետությանը, որը մեզ միավորել է դարեր շարունակ: Մենք դա թույլ չենք տա: Ես դա թույլ չեմ տա»,-հայտարարել է Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը: «Խոսքը երկրի պաշտպանության մասին է: Մենք խոսում ենք ազգերի ինքնիշխանության պահպանման մասին: Ոմանք փորձում են կասկածի տակ դնել Իսպանիայի ամբողջականությունը: Սակայն ինքնիշխանությունը Իսպանիայի ամբողջ ժողովրդինն է»,-ասել է Ռախոյը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հայցը արդեն ներկայացվել է ՍԴ պետական փաստաբանների կողմից: Գլխավոր պետական փաստաբան Մարտա Սիլվա դե Պուերտան ներկայացրել է հայցը: Հայցի ներկայացման մասին կիրազեկվի Կատալոնիայի 21 քաղաքական գործիչ, այդ թվում Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Կարմե Ֆորկադելը, կառավարության ղեկավար Արթուր Մասը և նրա կառավարության անդամները: Նրանց կտեղեկացնեն նաև, որ իրենց կարող է մեղադրանք ներկայացվել օրենքը խախտելու համար և կարող են զրկվել պաշտոններից:

ՍԴ-ն կարող է վարույթ ընդունել հայցn ավելի ուշ, այդ դեպքում բանաձևի գործողությունը կսառեցվի մինչև 6 ամիս ժամկետով, որի ընթացքում ՍԴ-ն պետք է կայացնի իր որոշումը:

Անկախության գաղափարն արմատավորված է կատալոնացիների շրջանում, որոնք միլիոնանոց հանրահավաքներ են կազմակերպում հօգուտ անկախության:Կատալոնացիները պայքարում են անկախության համար արդեն 200 տարի՝ փաստացի, 1714 թ. Բարսելոնայի ճակատամարտում պարտվելուց հետո Իսպանիայի կազմի մեջ մտնելու պահից: Այդ ժամանակներից ի վեր արդեն 3 դար է պայքար է գնում անկախության համար: 1979 թ. Կատալոնիան ինքնավարություն ստացավ, այն ժամանակ էլ պաշտոնապես ճանաչվեց կատալոնական լեզվի գոյությունը: Տարածաշրջանի տնտեսական հաջողությունները նպաստում են անջատողական տրամադրություններին՝ 203 մլրդ եվրո ՀՆԱ-ն մոտավորապես համարժեք է Դանիայի կամ Ֆինլանդիայի տնտեսություններին, իսկ մեկ շնչի համար ՀՆԱ-ն այստեղ ավելի բարձր է, քան միջինը Իսպանիայում ու ԵՄ-ում:

Տարածաշրջանի արտահանումը ընդհանուր իսպանական արտահանման 26 տոկոսն է կազմում, այդ թվում արտահանման 65 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ երկրներին: Տարածաշրջանում է գրանցված Իսպանիայում գործող բոլոր օտարերկրյա ընկերությունների 38 տոկոսը: Տարածաշրջանի բնակչությունը մոտ 7,5 միլիոն է, տարածքը՝ մոտ 32 հազար քառակուսի կիլոմետր: Անջատողական տրամադրություններն ուժեղ են նաև Իսպանիայի այլ տարածաշրջաններում՝ Բասկերի Երկրում ու Անդալուսիայում:

Կատալոնիայի իշխանությունները վերջին տարիներին մշտապես արծարծել են անկախության մասին հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը, ինչպես նաև օրենքներ են ընդունել ուղղված «պետության» ստեղծմանը: Պաշտոնական Մադրիդը և Իսպանիայի սահմանադրական դատարանը մերժեցին 2014-ի նոյեմբերի 9-ին անկախության մասին հանրաքվե անցկացնելու Կատալոնիայի մտադրությունը միայն այդ ինքնավարության տարածքում, ոչ թե ամբողջ երկրի: Ուստի նախանշված օրը հարցում անցկացվեց անկախացման մասին, որի մասնակիցների 80 տոկոսը կողմ արտահայտնվեց անկախացմանը: Ընդ որում հարցմանը մասնակցել էր ընտրողների միայն մեկ երրորդը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---