Ասադը բացառում է իշխանափոխությունը Սիրիայում մինչև «ահաբեկիչներին հաղթելը»

Ասադը բացառում է իշխանափոխությունը Սիրիայում մինչև «ահաբեկիչներին հաղթելը»

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բացառել է քաղաքական իշխանափոխության հնարավորությունը երկրում մինչ «ահաբեկչությանը հաղթելը»: Ինչպես հայտարարել է Ասադը իտալական Rai հեռուստաալիքին տված հարցազրույցում, «քաղաքական դաշտում ոչ մի բանի չի կարելի հասնել, քանի դեռ ահաբեկիչների տիրապետության տակ են Սիրիայի շրջաններից շատերը»: Ըստ նրա, ահաբեկիչներին հաղթելուց հետո ցանկացած իշխանափոխության համար բավական կլինի 1,5-2 տարի, լինի դա նոր սահմանադրության ընդունում, հանրաքվեի անցկացում, խորհրդարանի ընտրություններ կամ «ցանկացած այլ ընթացակարգ նախագահական կամ այլ մակարդակով»:

Ասադը նշել է, որ ահաբեկիչներ է համարում ինչպես ԻՊ-ին, այնպես էլ զինյալ ընդդիմությանը, որը դիմակայում է կառավարական զորքերին: «Դա կարելի է կիրառել ցանկացած երկրի դեպքում, չի կարելի ընդդիմություն համարել նրանց,ով կրակում է գնդացիրներից»,-ասել է Ասադը:

Նա հայտարարել է, որ «Իսլամական պետության» հայտնվելը չի համարում Սիրիայի իշխանությունների սխալների հետևանքը: Նա ասել է, որ խմբավորումը կազմավորվել է Իրաքում և զարգացել «Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Քաթարի աջակցությամբ», ինչպես նաև Արևմուտքի երկրների թողտվությամբ, որոնք տարբեր ճանապարհներով «օգնել են ահաբեկիչներին»: Ասադը նաև մտահոգություն է հայտնել սիրիացի փախստականների զանգվածային արտահոսքով դեպի Եվրոպա, սակայն, ըստ նրա, դա առաջին հերթին կապված է ահաբեկիչների գործողությունների և արևմտյան պատժամիջոցների հետ, հայտնում է «Կոմերսանտը»:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Լիբանանի իր պաշտոնակից Ջեբևրան Բասիլի հետ բանակցությունների ավարտին ասաց, որ պայմանավորվածություն այն մասին, որ Բաշար Ասադը չի մասնակցի ապագա քաղաքական կարգավորմանը Սիրիայում Վիեննայի բանակցություններում չի եղել:

Վիեննայում Սիրիային նվիրված հանդիպում է կայացել ԱՄՆ, ՌԴ, եվրոպական և արաբական երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ, որի անդամները մասնակիորեն պայմանավորվել են, թե որ ընդդիմադիր ուժերին Սիրիայում կարելի է ահաբեկիչ համարել, ինչպես նաև համաձայնեցրել են քաղաքական բարեփոխումների փուլերն այդ երկրում: Այս ֆոնին առավել ցայտուն դարձան հակասությունները Սիրիայի նախագահ Ասադի հետագա ճակատագրի վերաբերյալ:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---