20 նոյեմբերի 2015 - 16:25 AMT
ԶԼՄ-ներ. Փարիզի դեպքերի մահապարտներից մեկը Ֆրանսիա էր հասել Թուրքիայի տարածքով

Փարիզում ահաբեկչական գործողություններ իրականացրած Ահմադ Ալմոհամեդը, որը պայթեցրեց իրեն «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ, Ֆրանսիա էր ժամանել Թուրքիայի տարածքով` որպես սիրիացի փախստական, հայտնել է Haberturk-ը իրավապահ մարմիններում աղբյուրի վրա հղումով:

Թուրքական հետախուզությունը պարզել է, որ մահապարտ ահաբեկիչը բնակվել է սիրիական Մարի քաղաքում, որը վերահսկում է «Իսլամական պետությունը»: Նա հատել է թուրքական սահմանը Քիլիս գավառում որպես փախստական, որից հետո Գազիանտեփով հասել է Իզմիր: Իզմիրում նա 2 օր ապրել է Sultan հյուրանոցում` հոկտեմբերի 2-4-ը: Դրանից հետո էգեյան ծովով հասել է Հունաստան, որտեղից Մակեդոնիայով և Սերբիայով` Խորվաթիա, որտեղ հոկտեմբերի 7-ին գրանցվել է որպես փախստական: Այնուհետև ահաբեկիչը Հունգարիայի և Ավստրիայի տարածքով հասել է Ֆրանսիա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

Մինչդեռ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության Թուրքիա փախած հրամանատար Սաիդը թուրքական Cumhuriyet թերթին պատմել է կազմակերպության հետախուզական աշխատանքների, Թուրքիայի հետ ունեցած սերտ հարաբերությունների և կազմակերպության թուրք զինյալների մասին:

«Երկար ժամանակ ԻՊ-ի համար «բաց անցակետ»-ի ռեժիմ էր կիրառվում Թուրքիայի հետ սահմանին: Այս պահին արդեն Թել Աբյադը քրդերի ձեռքում է: Միայն Քիլիսի կողմից է հնարավոր զինյալներ անցկացնել»,-ասել էր նա: