Հայաստանում մեկնարկել է մշակութային զբոսաշրջության զարգացման 4-ամյա ծրագիրը

Հայաստանում մեկնարկել է մշակութային զբոսաշրջության զարգացման 4-ամյա ծրագիրը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) և Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակում Հայաստանում մեկնարկում է նորարական ծրագիր, որը միտված է խթանելու ազգային մշակույթի պահպանումը` երկրում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով: Ծրագրի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ նոյեմբերի 20-ին` Մատենադարանում:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, և Սմիթսոնյան ինստիտուտի Միջազգային կապերի գրասենյակի ավագ խորհրդատու Հալի Բաթվինը: Մոտ հարյուր մասնակիցների շարքում էին ՀՀ կառավարության և պետական կառույցների պաշտոնատար անձինք, գործընկեր կազմակերպությունների, զբոսաշրջության ոլորտի, մասնավոր հատվածի, տեղական և միջազգային կազմակերպությունների, ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող այս 4-ամյա ծրագրի նպատակն է զարգացնել և ընդլայնել մշակութային զբոսաշրջությունը Հայաստանի մարզերում` հետազոտությունների, գիտական գործունեության, արհեստների սատարման, կարողությունների բարձրացման և տուրիզմի զարգացման հանդեպ ոչ ավանդական մոտեցման կիրառման միջոցով:

«Զբոսաշրջության համաշխարհային շուկան շարունակում է մեծանալ և ընդգրկել նոր վայրեր: Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, յուրօրինակ խոհանոցը, գեղատեսիլ բնությունը և բարեհամբյուր մարդիկ դարձնում են այն առանձնահատուկ վայր»,- ասաց դեսպան Միլսը - «այսպիսով «Իմ Հայաստանը» ծրագրի նպատակն է Հայաստանը աշխարհի քարտեզում մատնանշել որպես համաշխարհային կարգի տուրիստական վայր: Մենք նախատեսում ենք ոչ միայն խթանել Հայաստանում մշակութային տուրիզմի զարգացումը, այլ նաև ընդլայնել Հայաստանի գյուղական վայրերի տնտեսական զարգացման հնարավորությունները», -հայտնում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:

Ծրագիրը կսատարի Հայաստանի ազգային արվեստը, արհեստներն ու երաժշտությունը, կնպաստի երկրի գյուղական համայքների զարգացմանը, կբարձրացնի Հայաստանի մասին իրազեկությունը միջազգային շուկաներում, ինչպես նաև կօգնի պաշտպանել և զարգացնել Հայաստանի բնական և մշակութային ժառանգությունը:

Մշակույթի պահպանման ասպարեզում Սմիթսոնյան ինստիտուտն աշխարհի տարբեր անկյուններում համայնքների հետ աշխատելու երկար տարիների փորձ ունի: Գործունեության շրջանակը ներառում է ինչպես հակամարտությունների և բնական աղետների պատճառով վտանգված մշակութային ժառանգության պաշտպանություն, այնպես և մշակութային տարբեր ոլորտների կայուն զարգացման աջակցություն:

Վերապատրաստման դասընթացների, ծրագրերի մշակման, համայնքների ներգրավման, փաստագրման և այլ միջոցներով Սմիթսոնյանի կուրատորները և ծրագրի անձնակազմը կաշխատեն հայաստանյան գործընկերների հետ` մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով նոր ռազմավարություններ մշակելու համար:

«Զբոսաշրջությունը կարող է տնտեսական զարգացման շարժիչ ուժ հանդիսանալ` ստեղծելով նոր աշխատատեղեր հյուրանոցներում և ռեստորաններում, նպաստելով տաքսու վարորդների, հուշանվերներ վաճառողների, տուրիզմի ոլորտի ընկերություններին ապրանքներ ու ծառայություններ մատուցողների բիզնեսի աճին»,- ասաց դեսպան Միլսը - «սակայն, տուրիզմի կողմից ստեղծված եկամուտները լայնորեն տարածելու համար Հայաստանը պետք է Երևանից դուրս խարիսխային տուրիստական վայրեր ձևավորի և կապի դրանք երկրի ամբողջ լայնությամբ ու երկարությամբ ձգվող զբոսաշրջության ցանցին: Այս նոր ծրագիրը մասնագիտական աջակցություն կտրամադրի ստեղծելու նման զբոսաշրջության ցանց, որն այցելուներին կդրդի ճանապարհորդել մայրաքաղաքից դուրս և ավելի շատ գումար ծախսել երկրի մարզերում: Սա հայ ժողովրդի հետ ԱՄՆ դեսպանության համագործակցության բազմաթիվ օրինակներից մեկն է` ուղղված Հայաստանի գյուղական վայրերի տնտեսական զարգացմանը:»

Սմիթսոնյան ինստիտուտը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ աշխատելու մեծ փորձ ունի կենսաբազմազանության պահպանության, թանգարանների աշխատուժի կարողությունների զարգացման և զարգացող մշակութային հաստատությունների աջակցությանն ուղղված միջազգային ծրագրերի շրջանակներում: Երկու կազմակերպությունների միջև 2013 թվականին ամրագրված փոխըմբռման հուշագրի ներքո «Իմ Հայաստանը» ծրագիրը ներկայացնում է նոր, գործակցային մոտեցում` երկու կազմակերպությունների համատեղ ուժերով ավելի մեծ արդյունքների հասնելու նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---