Հատուկ գործողություն Բրյուսելում. Փարիզյան ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալը չի հայտնաբերվել

Հատուկ գործողություն Բրյուսելում. Փարիզյան ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալը չի հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Բելգիայի ոստիկանությունը նոյեմբերի լույս 23-ի գիշերը Բրյուսելում և Շարլերուայում անցկացրած խուզարկությունների արդյունքում 16 մարդ է ձերբակալել, հայտնել է դաշնային դատախազության պաշտոնական ներկայացուցիչը:

«16 մարդ ձերբակալվել է, նոյեմբրի 23-ին որոշում կկայացվի նրանց կալանավորելու մասին»,-ասել է դատախազության ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մինչդեռ փարիզյան ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը չի հայտնաբերվել:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, մոտ 350 հոգի վիրավոր է։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

Դատախազության ներկայացուցիչը հավելել է նաև, որ ելնելով քննության շահերից, չի կարող տեղեկություններ տրամադրել ձերբակալվածների մասին:

Հատուկ գործողությունը, որը երկրի վարչապետին մոտ անձինք անվանել են աննախադեպ, մի քանի օր է նախապատրաստվել: Թիրախները որոշվել էին այդ թվում նաև օտարերկրյա հատուկ ծառայությունների տեղեկությունների շնորհիվ: Գործողությանը մասնակցել են ոստիկանությունը, զինվորականներ, նաև կիրառվել են ուղղաթիռներ: Հրահանգ էր եղել բնակիչներին չմոտենալ պատուհաններին: Բյուսելի կենտրոնում դադարեցվել էր ավտոբուսների երթևեկությունը: Չէր աշխատում մետրոն: Գործողությունը տևել է մոտ 4 ժամ, հայտնում Newsru.com-ը:

Գործողությունն անցել է հույժ գաղտնի պայմաններում` այդպիսին է եղել տեղի իշխանությունների պահանջը ԶԼՄ-ներին: Twitter-ում բելգիական ոստիկանությունը հորդորել է լրագրողներին և հանրությանը լռություն պահապնել եթերում և սոցցանցերում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բելգիան երկրում նախապատրաստվող ահաբեկչության մասին տեղեկություն ունի: Այդ մասին ազգային անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց երկրի վարչապետ Շառլ Միշելը։ Նրա խոսքով՝ հենց դրա հետ է կապված երկրում ահաբեկչության սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին որոշումը:

Նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Բելգիայի իշխանությունները փակել են Բրյուսելի մետրոն ահաբեկչական սպառնալիքի պատճառով: Իշխանությունները խնդրել են Բրյուսելի բնակիչներին խուսափել մարդկանց կուտակումներից հարձակման «լուրջ և անխուսափելի» սպառնալիքի պատճառով: «Պոտենցիալ թիրախներ են՝ առևտրի կենտրոնները, հասարակական տրանսպորտը, հանրային վայրերը»,- ասել է վարչապետը: Նա նաև նշել է, որ ըստ առկա տեղեկության՝ երկրում ծրագրվել են «պայթյուններ մի քանի վայրերում՝ մի քանի մարդկանց կողմից»։

Մինչդեռ նոյեմբերի 23-ին առավելագույն ահաբեկչական սպառնալիքի ռեժիմը Բելգիայում չեղյալ չի հայտարարվել: Փակ են լինելու դպրոցներն ու բուհերը, չի աշխատի մետրոպոլիտենը, փողոցների պարեկումը կրկին ուժեղացված ռեժիմով է անցնելու:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---