28 նոյեմբերի 2006 - 13:25 AMT
Քոչարյան-Ալիեւ բանակցություններին որոշակի խթան կարող է հաղորդել միայն Վլադիմիր Պուտինը
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ավարտին որեւէ փաստաթղթի ստորագրման հավանականությունը նվազագույն է, գտնում է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Նրա խոսքերով, «ակնարկ անգամ չկա, որ արտգործնախարարները նման մի փաստաթղթի տեքստ են համաձայնեցրել»: «Հակառակը, Մինսկում կայանալիք հանդիպման նախօրեին Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները լավատեսություն չեն ներշնչում, քանի որ վկայում են այն մասին, որ կողմերի դիրքորոշումները դժվար կլինի բերել ընդհանուր հայտարարի»,-նշել է նա: «Ուստի, լավ կլինի անգամ եթե հանդիպման ավարտին նախագահները գոնե միասին դուրս գան ԶԼՄ-ների ներկայացուցիչների մոտ եւ հայտարարեն, որ բանակցություններն օգտակար են եղել: Իսկ հայտարարությունն այն մասին, որ հաջողվել է մերձեցնել կողմերի դիրքորոշումները վիճահարույց տարրերի շուրջ, եւ որ երկու երկրների ԱԳՆ ղեկավարներին հանձնարարվել է որոշ ժամանակ անց անցկացնել բանակցությունների լրացուցիչ փուլ, հաշվի առնելով պետությունների նախագահների հանդիպմանը արձանագրված առաջընթացը, իմ կարծիքով, դա արդեն կարելի կլինի հաջողություն համարել»,-հայտարարել է Մուսաբեկովը: Նա նաեւ նշել է, որ «թեեւ ԱՊՀ գագաթնաժողովի տերը Բելառուսի նախագահ Լուկաշենկոն է, իսկ ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նախագահը ներկայումս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն է, Քոչարյան-Ալիեւ բանակցություններին որոշակի խթան կարող է հաղորդել միայն Վլադիմիր Պուտինը»: «Այլ հարց է, կցանկանա նա դա անել եւ ում օգտին եւ ինչ կպահանջի փոխարենը»«-հայտարարել է քաղաքագետը, հաղորդում է Day.az-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի կունենա այսօր, նոյեմբերի 28-ին Մինսկում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում: