Հռոմում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ

PanARMENIAN.Net - Հռոմում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ: Հուշատախտակը տեղադրվել է Հռոմի քաղաքապետարանի աջակցությամբ Իտալիայի մայրաքաղաքի հայ համայնքի խնդրանքով, որը վրդովված էր Քեմալ Աթաթուրքի հուշարձանի տեղադրմամբ: Իրենց հերթին, Հռոմի հայերը պահանջել են տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ: Բանակցություններն այդ մասին ընթացել են «Հայ Դատի» եվրոպական գրասենյակի իտալական բաժանմունքի ղեկավար Ալեքո Պեզիկյանի եւ Հռոմի քաղաքապետարանի միջեւ 2006 թվականի հուլիսից ի վեր եւ պսակվել հաջողությամբ նոյեմբերի 23-ին, երբ Հռոմի քաղաքապետարանը որոշում է կայացրել քաղաքի կետնրում հուշատախտակ տեղադրելու մասին: Միջոցառումը սկսվել է սբ. Նիկողայոսի եկեղեցում Իտալիայի եւ Հայաստանի օրհներգերի կատարմամբ, որից հետո հանդես է եկել Ալեքո Պեզիկյանը, շնորհակալություն հայտնելով Հռոմի քաղաքապետարանին «Հայ Դատի» այդ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: Նա նաեւ նշել է, որ Իտալիայի խորհրդարանի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւից հետո, Հռոմի քաղաքապետարանը նույնպես համապատասխան որոշում կայացրեց:



Իր հերթին Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը նշել է, որ Ցեղասպանության մասին հիշատակը վաղեմության ժամկետ չունի, սա քաղաքական հարց չէ եւ ոչ էլ հողերը վերադարձնելու հարց: «Այն պետք է դառնա մարդկության պատմության մի մասը, որը պետք է անցնի սերնդեսերունդ»,-նշել է Շուգարյանը: Հռոմում Հայաստանի դեսպանը նաեւ հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանը կդառնա եվրոպական հանրության մի մասը, հաղորդում է «Ազդակ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---