Հայաստանը ձգտում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները բարձրացնել որակապես ավելի բարձր մակարդակի

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Հայաստանը դիտում է որպես եվրաինտեգրման քաղաքականության կարեւոր բաղադրիչ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զարգացումը անմիջականորեն բխում է տարածաշրջանում անվտանգության ապահովման շահերից, եւ Հայաստանը կշարունակի այդ կազմակերպության հետ համատեղ ծրագրերի իրագործումը: «Մենք ձգտում ենք ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները բարձրացնել որակապես ավելի բարձր մակարդակի: Հայաստանը միշտ հանդես է գալիս տարածաշրջանային համագործակցության օգտին «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում եւ աջակցում է ՆԱՏՕ-ի բոլոր քայլերին այդ ուղղությամբ»,-նշել է նա: Ըստ Ա.Մարգարյանի, 2004 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններում կենտրոնական տեղը գրավում է «Անհատական գործընկերության ծրագիրը», որը ներառում է համագործակցության բոլոր հնարավոր ոլորտները դաշինքի հետ եւ արդյունավետ մեխանիզմ է համագործակցության հետագա զարգացման համար: «Միեւնույն ժամանակ կցանկանայի նշել, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ իր ազգային անվտանգության համակարգը կառուցում է այդ կազմակերպության շրջանակներում»,-հավելել է ՀՀ վարչապետը: Նա նաեւ նշել է, որ անդամակցությունն այս կամ այն միջազգային կառույցին յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է: «Այդ համատեքստում մենք ըմբռնումով ենք մոտենում ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ցանկությանը: Կարեւոր է թույլ չտալ նոր բաժանարար գծերի առաջացումը մեր բարդ տարածաշրջանում, որտեղ կան բազմաթիվ չկարգավորված հակամարտություններ: Մեր դիրքորոշումը հիմնվում է հենց այդ սկզբունքի վրա»,-հայտարարել է Անդրանիկ Մարգարյանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---