ՀՀ-ում լռության օր է. Քարոզչությունն արգելված է

ՀՀ-ում լռության օր է. Քարոզչությունն արգելված է

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին ուղիղ կեսգիշերին ավարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը. լռության օր է, ինչը նշանակում է, որ քվեարկությունից առաջ մեկ օր քարոզչությունն արգելվում է: Հանրաքվեին մասնակից բոլոր ուժերը չեն կարող իրականացնել քարոզարշավ լրատվամիջոցներով կամ այլ հնարավոր ձևերով:

Հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 8:00-ից երեկոյան 20:00-ն:

Հանրաքվեին ընդառաջ ձևավորվել է 1.997 տեղամասային հանձնաժողով:

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` քվեարկության օրվանից առաջ՝ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված մասնակիցների թիվը:

Այսպես, քվեարկության օրվանից 1 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2 մլն 550 հազար 323, որից՝

- այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի հանրաքվեի մասնակիցների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 16.856, - Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 270, - քվեարկության օրը հանրաքվեի տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի քվեարկողների ցուցակից հանված և հանրաքվեի տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 140, - ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 1.542:

Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացնելու 18 տեղական հասարակական կազմակերպություն և 6 միջազգային կազմակերպություն, որոնց թվում են դիտորդներ ԱՊՀ դիտորդական առաքելությունից, ԱՊՀ միջխորհրդարանական կազմակերպությունից, օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչներ, դիտորդներ ԵԽԽՎ-ից, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ, գրում է Panorama.am-ը:

Անկախ Հայաստանի պատմության մեջ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեն 3-րդն է:

Հանրաքվեի դրված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը առաջարկում է անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգ:

Դեկտեմբերի 4-ին Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» շարժման հերթական հավաքին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ իրենք խոստացել են հետայսու քիչ խոսել, շատ գործել: «Նույնն այսօր քիչ պետք է խոսենք և գործի անցնենք», - ասել է նա, մեջբերում է Tert.am-ըԼ

Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, Հովհաննիսյանը նշել է, որ «նախագահի աթոռը զբաղեցրած անձը» վախեցնում էր, որ եթե ինքը չլինի պատերազմ պետք է սկսվի:

«Թող Սերժ Սարգսյանը չվախեցնի պատերազմի վտանգով, որովհետև մենք այն ուժն ենք, որ այսօր դեսպանների հետ ենք հանդիպել, մենք իրենց աչքերի մեջ նայելով ասել ենք, որ խաղ չենք տալու, մենք ձեզ հարգում ենք, դուք էլ մեր շահերը հարգեցեք, ներկայացրինք մեր տեսակետը՝ ուղիղ, շիտակ, հայրենազրկման մոտեցումները, ՀՀ-ի ինքնիշխանության հարցը, որ մենք ոչ մեկի գուբերնան չենք դառնում՝ ոչ ամերիկացու, ոչ ռուսաստանցու»,- ասել է նա:

«Եթե այսպես շարունակենք, լինելու է ոչ թե ՀՀ, այլ Հանրապետական կուսակցապետություն, որը գռփելու է, և խորացնելու արտագաղթը», - հավելել է Հ-ովհաննիսյանըը:

Նա նաև տեղեկացրել է, որ դեկտեմբերի 6-ին առավոտյան ժամը 11-ին նա կլինի Նորք-Մարաշի թիվ 10/6 ընտրատեղամասում, որը գտնվում է 157 դպրոցում:

«Ես կներկայանամ, ստորագրությունը կդնեմ. կմտնեմ ընտրախցիկ և պատռած վիճակով՝ իմ ակտիվ մերժումն ընդգծելու համար, կդնեմ այդ պատռված ծրարը ընտրատուփի մեջ: Մենք պիտի ունենանք մեզ պատկանող իշխանություն, որը ձևավորվում է Ազատության հրապարակում: Դեկտեմբերի 6-ին ժամը 20:00-ից հավաքվելու ենք այստեղ, և եթե պայքարելու ենք ինչքան պետք է՝ հաջորդ օրը ճամփա է ընկնում Սարգսյանն ու իր վարչակարգը: Դեկտեմբերի 7-ը ոչ միայն երկրաշարժի հիշատակման օր է լինելու, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետության կառուցման օր», - եզրափակել է Հովհաննիսյանը:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են անցում կառավարման կիսանախագահական ձևից խորհրդարանականին, նախագահի ընտրության անուղղակի համակարգ ընտրիչների ինստիտուտի ներմուծմամբ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին: Առավել խնդրահարույց է այն դրույթը, որը ենթադրում է քաղաքական ուժերից մեկի պարտադիր մեծամասնության ձևավորում խորհրդարանական ընտրությունների արդյունքում և երկրորդ փուլի անցկացում մեծամասնության բացակայության դեպքում: ԱԺ-ում ներկայացված «Ժառանգություն», «Օրինաց երկիր» ՀԱԿ կուսակցությունները դեմ են բարեփոխմանը, իշխող ՀՀԿ-ն, ինչպես նաև ՀՅԴ-ն և «Բարգավաճ Հայաստանը» կողմ են փոփոխություններին, որոշ ուժեր, այդ թվում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հայտարարել են, որ չեն մասնակցելու քննարկումներին և բարեփոխումներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---