€23 մլն՝ Գյումրիի բարեկարգմանը և լուսավորությանը

€23 մլն՝ Գյումրիի բարեկարգմանը և լուսավորությանը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է Գյումրիի քաղաքապետին՝ քննարկելու համար քաղաքի զարգացման ծրագրերը, գերակայություններն ու առաջնահերթ խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել:

«Քաղաքաշինության նախարարության տվյալներով, Գյումրիում մնացել են բնակարանի կարիք ունեցող 250-ին մոտ ընտանիքներ, ովքեր տուժել են երկրաշարժից: Ես շատ լավ հասկանում եմ, որ Գյումրիում բնակարանի կարիք ունեցող մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, բայց այդպիսի մարդիկ Հայաստանի ամբողջ տարածքում կան, և Հայաստանի տասնյակ հազար քաղաքացիներ բնակարանի կարիք ունեն: Ընթացքում, անշուշտ, այս խնդիրները լուծվելու են: Մենք հաջորդ տարվա գարնանն սկսում ենք Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Գյումրի հատվածի շինարարությունը, որտեղ ներդնելու ենք 120 միլիոն եվրո գումար, և այս առումով, շատ տեղին կլինի, որպեսզի մենք հիմնավոր լուծում տանք նաև Գյումրիի փողոցների բարեկարգմանն ու լուսավորմանը: Սա շատ կարևոր խնդիր է, որովհետև ունենալով առաջին կարգի ճանապարհ՝ Գյումրի-Երևան, շատերի համար անհասկանալի կլինի, թե ինչու՞ Գյումրիի փողոցները բարեկարգ չեն և, ընդհանրապես: Այս առումով, կարծում եմ, որ անհրաժեշտ է և ես արդեն համապատասխան ցուցում տվել եմ ներգրավել միջոցներ՝ 23 միլիոն եվրո, որ ամբողջովին պետք է ուղղվի Գյումրիի բարեկարգմանն ու լուսավորությանը: Եթե քաղաքային իշխանությունները, Դուք հիմա հրապարակավ խոստանում եք, որ այդ միջոցները կօգտագործվեն արդյունավետ և մինչև վերջին դրամը կօգտագործվի Գյումրիի բարեկարգման համար, ապա հենց երկուշաբթի օրվանից կարող ենք սկսել գործընթացը: Սկսել և ավարտել այն հաշվով, որպեսզի, երբ մենք 2018թ. ավարտենք Երևան-Գյումրի ճանապարհի աշխատանքները, Գյումրիում ևս լինի բարեկարգ վիճակ»,-խորհրդակցության ժամանակ ասել է Սարգսյանը:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշել է, որ իրոք, այսօր Գյումրիի համար առաջնահերթ խնդիր է փողոցաշինությունը, արտաքին լուսավորությունը: Այդ խնդիրները, ըստ նրա, տեղական բյուջեի միջոցներով հնարավոր չէ լուծել: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ շարունակվելու է տեղական բյուջեին զուգահեռ նաև հրատապ ծրագրերից քաղաքին միջոցների հատկացումը, ինչպես դա արվում է այլ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման համար: Քաղաքապետ Բալասանյանը վստահեցրել է, որ հետևողական կլինի Գյումրիի համար կարևորագույն վերոնշյալ ծրագրերի պատշաճ իրականացման գործում, որպեսզի Գյումրին՝ որպես պատմական քաղաք, որպես արվեստի ու արհեստի քաղաք, լինի ավելի գեղեցիկ, ավելի հյուրընկալ ու բարեկեցիկ:

«Պարոն Նախագահ, Ձեր հանձնարարությամբ կառավարությունը 300 միլիոն դրամի սուբսիդիա ձևակերպեց, և դա օգնեց փողոցաշինությանը՝ 12 կապիտալ փողոցներ կառուցվեցին, վերակառուցվեցին: Մենք կարողացանք այդ 300 միլիոնն ուղղել փողոցաշինությանը: Բացի դրանից, հիմա աշխատատեղերի հետ կապված էլ Ձեր նախաձեռնությամբ մեր հայրենակիցը՝ բարերար Վարդան Սրմաքեշը լուրջ ծրագրեր է իրականացնում, որը հազարավոր աշխատատեղեր է ստեղծում: Միայն 600 աշխատատեղ 2016թ. արդեն կունենանք: Կարծում եմ, մեծ հաջողություն կունենանք, երբ ուսումնական կենտրոն բացելուց հետո մոտավորապես 600 աշխատատեղ լինի: Նոր աշխատատեղ կլինի թեթև արդյունաբերության ոլորտում: Սա նույնպես շատ մեծ հաջողություն է»,-ասել է Գյումրիի քաղաքապետը:

Նա տեղեկացրել է, որ հոլանդական մի ընկերություն հետաքրքրվում է կարտոֆիլի փոշու և նաև ֆրիի կիսաֆաբրիկատի արտադրության հարցով՝ պնդելով, որ ունի շուկա, և մեր տարածաշրջանի կարտոֆիլը իրենք ուսումնասիրել են ու նշում են, որ այն համապատասխանում է անհրաժեշտ չափանիշներին: Նրանք ցանկանում են լուրջ ներդրում կատարել, որտեղ մասնակցություն կունենա նաև բարերար Վարդան Սրմաքեշը: Բալայանը նշել է, որ հնարավորինս կօժանդակեն ընկերությանը այդ ծրագրի իրականացման գործում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---