Գերմանիան մերժել է ԱՄՆ-ին ԻՊ դեմ պայքարին ռազմական մասնակցությունն ընդլայնելու հարցում

Գերմանիան մերժել է ԱՄՆ-ին ԻՊ դեմ պայքարին ռազմական մասնակցությունն ընդլայնելու հարցում

PanARMENIAN.Net - Գերմանիան դեռևս մտադիր չէ ընդլայնելու ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում «Իսլամական պետության» դեմ գործողությունների գոտում: Այդ է վկայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պատասխանը լրացուցիչ ուժեր գործուղելու վերաբերյալ հարցին ZDF եթերում:

Դեկտեմբերի 12-ին Der Spiegel հանդեսը հայտնել էր, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն իր գերմանացի գործընկեր Ուրսուլա դեր Լյայենին նամակ է հղել` խնդրելով քննարկել ԻՊ դեմ պայքարում իր ավանդն ավելացնելու հարցը: ՊՆ մամուլի քարտուղարը հաստատել է, որ նամակը ստացվել է, սակայն մանրամասներ չի ներկայացրել` նշելով, որ այն քննարկման փուլում է: Նամակում կոնկրետ խնդրանք չի եղել և նույն բովանդակությունն է ունեցել, ինչ ԱՄՆ մյուս գործընկերներին հղված հարցումները:

«Ես կարծում եմ, որ Գերմանիան կատարում է իր խնդիրը, և մենք նոր հարցեր այդ թեմայով չպետք է այս պահի դրությամբ արծարծենք»,-ասել է Անգելա Մերկելը` պատասխանելով Պենտագոնի նամակի մասին հարցին: Այսպիսով Մերկելը մերժել է ամերիկացիների խնդրանքը ԻՊ դեմ լրացուցիչ ռազմական օգնություն ուղարկելու մասին, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Դեկտեմբերի 4-ին Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագը) արտոնեց գերմանացի զինծառայողների մասնակցությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությանը Սիրիայում: Սիրիայում և Իրաքում գործողություններին կարող է մասնակցել 1,2 հազար զինծառայող, առաքելությունը սահմանափակված է 1 տարի ժամկետով, սակայն կարող է երկարացվել: Բացի այդ, Բեռլինը պատրաստ է մեկ ռազմանավ տրամադրել, լիցքավորող ինքնաթիռներ և մատակարարել դաշնակիցներին արբանյակներից ստացվող հետախուզական տվյալներով:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ:

ԱՄՆ գլխավորած արևմտյան երկրների կոալիցիան սկսել է ավիահարված հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում 2014-ի սեպտեմբերին: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---