Ոսկան Երևանցու հրատարակությունների ցուցահանդեսը՝ Մատենադարանում

Ոսկան Երևանցու հրատարակությունների ցուցահանդեսը՝ Մատենադարանում

PanARMENIAN.Net - Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում դեկտեմբերի 15-16-ին տեղի կունենա Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակին նվիրված սեմինար՝ «Ոսկան Երևանցի. ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» թեմայով: Այս մասին տեղեկացրել է Մատենադարանը:

Սեմիարի ընթացքում կբացվի Մատենադարանում պահվող Ոսկան Երևանցու հրատարակությունների ցուցահանդեսը, նաև տեղի կունենա Վարդան Դևրիկյանի «Ոսկան Վարդապետ Երևանցի. կյանքը և տպագրական գործունեությունը» եռալեզու գրքի շնորհանդեսը:

Տպագրիչ, գրահրատարակիչ, լեզվաբան, արքեպիսկոպոս Ոսկան Երևանցին (նաև՝ Ոսկան Ջուղայեցի) ծնվել է 1614-ին Նոր Ջուղայում:

Սովորել է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում (Խաչատուր Կեսարացու դպրոցում): 1629-ին մեկնել է Էջմիածին, ապա՝ Երևան, Մելքիսեթ Վժանեցու մոտ ուսումնառությունից հետո վերադարձել է Նոր Ջուղա: 1634-ին Փիլիպոս Ա Աղբակեցու հրավերով կրկին գնացել է Էջմիածին, եղել է Ուշիի Ս. Սարգիս վանքի վանահայրը, որտեղ դոմինիկյան վանական, գիտնական Պաուլո Պիրոմալլիից լատիներենի, փիլիսոփայության, երկրաչափության, աստղաբաշխության դասեր է առել, իսկ նրան ուսուցանել հայերեն:

1662-ին Հակոբ Ջուղայեցու հանձնարարականով մեկնել է Եվրոպա՝ Աստվածաշունչը հայերեն հրատարակելու: 1664-ի աշնանը ստանձնել է Ամստերդամի Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի անվան տպարանի տնօրինությունն ու 1666-ի մարտի 11-ին իր աշակերտներ Կարապետ Անդրիանացու և Օհան Երևանցու հետ սկսել ու 1668-ին ավարտել է Աստվածաշնչի տպագրությունը:

Այստեղ Ոսկան Երևանցին հրատարակել Է ևս 14 անուն գիրք, այդ թվում՝ «Հանդերձ Աստուծով: Գիրք այբուբենից՝ յաղագս նորեկ տղայոց և մանկանց...» (1666), իր հեղինակած «Քերականութեան գիրք...»-ը, Նոր կտակարան (1668),Մովսես Խորենացուն վերագրվող «Գիրք աշխարհացը»՝ միջնադարյան հայ առակների ժողովածուի («Գիրք աշխարհաց և սսռասպելաբանութեան, որ է Աղուէսագիրք») հետ (1668). Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանցը» (1669), Շարակնոց (1665, 1669): 1669-ին տպարանը փոխադրել է Լիվոռնո, 1672-ին՝ Մարսել, հրատարակել ևս 8 անուն գիրք, այդ թվում՝ առաջին անգամ Գրիգոր Նարեկացու Մատյանը՝ «Գիրք աղօթից» (մնացել է անավարտ), առաջին տպագիր աշխարհաբար, նաև առաջին տպագիր թվաբանության գիրքը՝ «Արհեստ համարողութեան» (1675): Տպարանը, որը Ոսկան Երևանցու պատվին կոչվել է Ոսկանյան, գործել է մինչև 1686-ը, հրատարակել 40 անուն հայերեն գիրք:

Ոսկան Երևանցին հայ հին տպագրության ամենախոշոր դեմքն է Հակոբ Մեղապարտից հետո:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---