Օգոստոս-նոյեմբերին էլէներգիայի սուբսիդավորումը կազմել է մոտ 3 մլրդ դրամ

Օգոստոս-նոյեմբերին էլէներգիայի սուբսիդավորումը կազմել է մոտ 3 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ շարունակում է էլեկտրաէներգիայի դիմաց փոխհատուցում տրամադրել բնակիչ-բաժանորդներին և ՓՄՁ-ներին։ Նոյեմբերին ծախսված էլեկտրաէներգիայի համար սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 509,4 մլն դրամ։ Անցած չորս ամիսներին ընդհանուր առմամբ տրամադրվել է գրեթե 3 մլրդ դրամի փոխհատուցում։

ՀՀ Կառավարությունը հոկտեմբերի 29-ին որոշում ընդունեց բնակչության մասով սուբսիդավորումը դարձնել հասցեական և այն տրամադրել առավել քիչ սպառում ունեցող խմբերին։ Խոսքը՝ ամսվա ընթացքում մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդների մասին է։

Սուբսիդավորման կարգի փոփոխությունից հետո բնակիչ-բաժանորդների մոտ 78,8%-ը հոկտեմբերին ծախսած էլեկտրաէներգիայի համար օգտվել է տրամադրվող փոխհատուցումից։

Մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա սպառողների թիվը հոկտեմբերին կազմել է ավելի քան 601 հազար։ Սեպտեմբեր ամսվա համեմատ սուբսիդավորումից օգտվող բնակիչ-բաժանորդների թիվը 162 հազարով կամ 21,2%-ով կրճատվել է։

«Ինչպես հայտնի է, կառավարությունը հոկտեմբերի 29-ին որոշում է ընդունել բնակչության մասով բարձրացնել սուբսիդավորման հասցեականությունը և այն տրամադրել միայն առավել քիչ սպառում ունեցող խմբերին։ Խոսքը՝ ամսվա ընթացքում մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդների մասին է։ Չնայած դրան, բնակիչ սպառողների մեծ մասը՝ մոտ 70 տոկոսը, շարունակում է օգտվել փոխհատուցումից»,– ասվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հաղորդագրությունում։

Այդպիսի սպառողների թիվը նոյեմբերին եղել է ավելի քան 543 հազար։ Այդ ամսին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց բնակիչ-բաժանորդներին տրամադրված սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է մոտ 487 մլն դրամ։

Մնակիչ-բաժանորդների և ՓՄՁ-ների օգտագործած էլեկտրաէներգիայի փոխհատուցումը կշարունակվի մինչև 2016-ի հուլիսի 31-ը:

Էլեկտրաէներգիայի սուբսիդավորման կարգի փոփոխությունից հետո փոխհատուցման տրամադրումը հավասար չափով ստանձնել են կառավարությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։

Ընդ որում, այդ պարտավորությունը գործում է սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածի համար, այսինքն՝ սկսած օգոստոսի 1-ից մինչև 2016-ի հուլիսի 31-ը։

2015-ի սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեր ՌԱՕ»-ն պայմանագիր են ստորագրել՝ ՀՀ էլեկտրաէներգետիկ ակտիվների առուվաճառքի վերաբերյալ։

«Տաշիր» ընկերությունների խմբի և «Ինտեր ՌԱՕ» ընկերության պայմանավորվածության համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները: Այս մասին ասել է «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը՝ ՀԷՑ-ի ձեռքբերման կապակցությամբ:

Նրա խոսքով՝ պայքարելու են կոռումպացված աշխատողների և անբարեխիղճ սպառողների դեմ ու ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ, այդ թվում նաև՝ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ, կրճատելու են ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել ՀԷՑ-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---