6 դեկտեմբերի 2006 - 15:53 AMT
Վ.Կազիմիրով. Դժվարին է մնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առանցքային խնդիրը
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում ցանկացած վիճակագրություն բավականին կասկածելի է: ԵԱՀԿ ՄԽ համանախագահը Ռուսաստանից 1992-1996 թթ. դեսպան Վլադիմիր Կազիմիրովը PanARMENIAN.Net-ի թղթակցին այդպես է մեկնաբանել Էլմար Մամեդյարովի այն խոսքերը, թե «մի կետ է մնացել, որի շուրջ պետք է համաձայնության գալ»: «Հաշվի է առնում արդյոք վիճակագրությունը 8-9 «սկզբունքներից» յուրաքանչյուրի տեսակարար կշիռը՞: Ցանկացած դեպքում դժվարին է մնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առանցքային խնդիրը (թեկուզ նրա վերջնական որոշման կարգի կամ մեխանիզմի տեսքով): Եթե հստակ եւ կոնկրետ որոշակիացվեր միայն այդ մեխանիզմը (այսինչ ժամկետում հանրաքվեի անցկացում կամ ժողովրդի կամքի արտահայտում, բայց, իհարկե, ոչ հարցում եւ ոչ «համայնքների» բանաձեւով), դա ճանապարհ կհարթեր բոլոր այլ, նույնիսկ բարդ հարցերի լուծման համար: Այն հղումները, թե ինչ է գրված Ադրբեջանի սահմանադրությունում, հազիվ թե տեղին են: Չէ որ բոլորն են հասկանում, երբ եւ ինչպես է դա գրվել: Հայտնի է նաեւ վերջին տասնամյակում նման հանրաքվեների համաշխարհային փորձը»,-ասել է Կազիմիրովը: