Ռուանդայի նախագահը մեղադրել է Ֆրանսիային թութսիների ցեղասպանությանն աջակցելու համար

PanARMENIAN.Net - Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն հայտարարել է, թե Ֆրանսիայի ներկայիս վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը 1994 թվականի Ռուանդայի ցեղասպանությանն աջակցած ֆրանսիացի պաշտոնյաների թվում էր: «Կան ֆրանսիացի պաշտոնյաներ, ովքեր անմիջականորեն ներգրավված էին կատարվածում եւ ովքեր այսօր ողջ եւ առողջ են, նրանց թվում` Ֆրանսիայի ներկայիս վարչապետը, ով այն ժամանակ արտգործնախարարության գրասենյակի տնօրեն էր», - ասել է Կագամեն:



Հիշեցնենք, որ Ռուանդան նոյեմբերի վերջին խզել է դիվանագիտական հարաբերությունները Ֆրանսիայի հետ, երբ ֆրանսիացի դատավորը Կագամեին մեղադրել է Ռուանդայի նախկին նախագահին սպանության համար, որի մահը, ըստ լայնորեն տարածված կարծիքի, հանդիսացել է Ռուանդայի 800 հազար թութսիների ցեղասպանության պատճառը: Ինքը Կագամեն հերքել է իր առնչությունը Հաբիյարիմանայի մահվանը եւ, իր հերթին, կոտորածներին ակտիվորեն աջակցելու մեջ մեղադրել է Ֆրանսիային:



«Ֆրանսիան է աջակցել ցեղասպանություն իրականացրած ուժերին, վարժեցրել, զինել է նրանց, մասնակցել է այն ուժերի դեմ պայքարին, որոնք փորձում էին կանխել ցեղասպանությունը», - ասել է Կագամեն: Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Ժան-Բատիստ Մատտեին, սակայն, հերքել է Կագամեի մեղադրանքները եւ հայտարարել, որ Ֆրանսիան ակտիվորեն մոբիլիզացնում էր միջազգային հանրությանը` օգնելու Ռուանդայի ցեղասպանությունից տուժածներին:



Կագամեն ինքը թութսի է եւ վայելում է ցեղասպանությունից փրկվածներից շատերի ակնածանքը, քանի որ նրա «Ռուանդայի հայրենասիրական ճակատ» կոչվող ապստամբ բանակը հաղթել է հութու զինյալներին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---