Ադրբեջանը նեղսրտում է ճշմարտությունից. Բաքուն մտածում է ԱՄՆ հետ հարաբերությունները խզելու մասին

Ադրբեջանը նեղսրտում է ճշմարտությունից. Բաքուն մտածում է ԱՄՆ հետ հարաբերությունները խզելու մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի խորհրդարանի իրավական քաղաքականության և պետականաշինության կոմիտեի փոխնախագահ Ռովշան Ռզաևն առաջարկել է խզել հարաբերություններն ԱՄՆ հետ մի շարք ոլորտներում, այդ թվում, դադարեցնել մասնակցությունն Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) և Աֆղանստանում գործողություններին և արգելել ռազմական նշանակության ամերիկյան բեռների տարանցումն Ադրբեջանի տարածքով:

Ադրբեջանի միլի մեջլիս է ներկայացվել «ԱՄՆ-ում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին» օրինագիծը:

Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ տարբեր կառույցներ «փորձում են իրենց ազդեցությունը պահպանել Ադրբեջանում, միջամտելով նրա ներքին ու արտաքին քաղաքականությանը, մշտական ճնշում գործադրելով երկրի վրա, միակողմանի և կանխակալ դիրքորոշում ունենալով մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերում»:

Փաստաթղթում ասվում է, որ «ԱՄՆ ներսում ընթացող բացասական գործընթացները, ինչպես նաև այդ երկրի հավակնությունը համաշխարհային հեգեմոնիայի, ստիպում են Ադրբեջանին վերանայել համագործակցությունն ու տարիներ շարունակ ձևավորված երկկողմ հարաբերությունները: Օրինագծում, մասնավորապես առաջարկվում է խորհուրդ տալ կառավարությանը քննարկել բոլոր կապերի կասեցման հարցը, առաջարկներ նախապատրաստել առևտրի, էներգետիկայի, ռազմական և անվտանգության ոլորտներում համագործակցության դադարեցման մասին, համապատասխան գործընթաց սկսել` նպատակ ունենալով հետ կանչել ԱՄՆ-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունից:

Այս փաստաթուղթը յուրօրինակ «պատասխան է» ԱՄՆ Կոնգրեսում դեկտեմբերի 16-ին ներկայացված «Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ» անվանումով օրինագծին, որի հեղինակն է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիս Սմիթը:

Թեև դեռևս հայտնի չէ, թե երբ է օրինագիծը քննարկվելու, կամ քննարկվելու է արդյոք, գրում է «Ռոսբալտը»:

Կոնգրեսական Սմիթը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որում առաջարկում է մերժել վիզայի տրամադրումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումների հետ:

Օրինագիծը, որով կարող են պատժամիջոցներ սահմանվել Ադրբեջանի կառավարության անդամների դեմ, կտարածվի նաև գործարար շրջանակների վրա, որոնք առևտուր են անում ԱՄՆ հետ, անվտանգության աշխատակիցների, ուժային մարմինների և դատական իշխանությունների մարմինների վրա: Օրինագծով նախատեսվում է նաև ֆինանսական պատժամիջոցներ սահմանել:

Պատժամիջոցները կարող են չեղարկվել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը զգալի առաջընթաց հաստատի ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության զարգացման գործում, ինչպես նաև ապահովի ազատ և արդար ընտրությունների անցկացում, ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Միացյալ Նահանգները համբերությամբ էր վերաբերվում Ադրբեջանի վարչակազմի գործողություններին, սակայն դա կարող է փոխվել, հայտարարել է ԱՄՆ-ի կոնգրեսական, Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթը՝ ելույթ ունենալով հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների ընթացքում:

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---