ՀայՓոստը սկսել է գործակցել Ria Money Transfer-ի հետ

ՀայՓոստը սկսել է գործակցել Ria Money Transfer-ի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստը և աշխարհում մեծությամբ երրորդ Ռիա Մանի Թրանսֆեր (Ria Money Transfer) դրամական փոխանցումների ընկերությունը («Ռիա») հայտարարել են դրամական փոխանցման ծառայություններ մատուցելու նպատակով ձեռնարկած գործընկերության մասին:

Նոր պայմանագիրը ՀայՓոստի հաճախորդներին հնարավորություն կտա եվրոյով և ԱՄՆ դոլարով կանխիկ փոխանցումներ ստանալ ՀայՓոստի 600-ից ավելի առցանց փոստային բաժանմունքներից: Ապահով և մատչելի ծառայության մատուցումից բացի ՝ «Ռիա»-ի փոխանցումների արագ համակարգը ՀայՓոստի հաճախորդներին թույլ կտա արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: ՀայՓոստի հաճախորդները կկարողանան նաև գումարներ ուղարկել «Ռիա»-ի համաշխարհային ամբողջ ցանցով, որն ընդգրկում է 147 երկիր և 287.000 սպասարկման կետ:

Վերջին շրջանում ՀայՓոստը ռազմավարական քայլեր է կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում 2015 թվականի հուլիսի 21-ին ընկերությունը բացեց իր առաջին միջազգային մասնաճյուղը: Սուրհանդակային և առաքման ծառայությունների մատուցման հետ մեկտեղ վերջերս մեկնարկել է ՀայՓոստի «ՇոփԻնԱմերիկա» ծառայությունը, որը Հայաստանի բնակիչներին ազատ և հեշտ կերպով հասանելի է դարձնում ԱՄՆ շուկայի ապրանքները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Նոր մասնաճյուղը, որը կամուրջ է հանդիսանում Հայաստանի և ԱՄՆ միջև, այժմ ՀայՓոստի ամերիկաբնակ հաճախորդներին թույլ կտա Ռիա Մանի Թրանսֆերի միջոցով նաև կանխիկ գումար ուղարկել իրենց սիրելիներին Հայաստանում: Հաճախորդները կարող են գումարն ուղարկել նաև առցանց՝ www.riamoneytransfer.com կայքից՝ վճարումն ապահովելով Հայաստանում ՀայՓոստի յուրաքանչյուր իրավասու բաժանմունքից:

«ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի խոսքով. «ՀայՓոստի և Ռիա Մանի Թրանսֆերի միջև համագործակցությունը մեծ հնարավորություն է, որը հաճախորդներին թույլ է տալիս կանխիկ փոխանցումներ ուղարկել և ստանալ աշխարհի տարբեր անկյուններից: Մեր առաքելություններից մեկը հաճախորդներին բարձրորակ, արագ և մատչելի ծառայությունների մատուցումն է: Մենք վստահ ենք, որ Ռիա Մանի Թրանսֆերի հետ համագործակցությունը համահունչ է այդ առաքելությանը, և լիահույս ենք, որ մեր համատեղ աշխատանքը շոշափելի արդյունքներ կգրանցի մոտ ապագայում»:

«Ռիա»-ի նախագահ և գործադիր տնօրեն Խուան Բիանքին ավելացրեց. «ՀայՓոստի հետ դրամական փոխանցումների մեր նոր ծառայության մեկնարկը կատարվում է ճիշտ ժամանակին՝ հատկապես հաշվի առնելով ՀայՓոստի ներկայիս ընդլայնումը Միացյալ նահանգներում, և մենք ուրախ ենք Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի հետ գործընկերության համար: «Ռիա»-ի ընդհանուր տեսլականի բաղկացուցիչներից մեկը ամբողջ աշխարհով մատչելի փոխանցումների մեծագույն հասանելիության ապահովումն է, և փոստային բաժանմունքները գերազանց ճանապարհ են այդ հոսքն ապահովելու համար: ՀայՓոստը նաև ռազմավարական նշանակություն ունեցող տեղակայմամբ բազմաթիվ բաժանմունքներ ունի հեռավոր բնակավայրերում, և մենք ակնկալում ենք լավագույն ծառայություն մատուցել արտասահմանում բնակվող հայերին՝ նրանց առաջարկելով ընտանիքներին փող ուղարկելու ապահով և մատչելի այլընտրանք»:

2014 թվականին Համաշխարհային բանկի հաշվարկի համաձայն՝ Հայաստանը փոխանցումներից ստացել է 2.2 միլիարդ դոլար, և 2013 թվականին այդ փոխանցումները կազմել են երկրի համախառն ներքին արդյունքի 21%-ը:

Ռիան դրամական փոխանցումների համաշխարհային առաջատարներից է, ինչպես նաև որակի և սպասարկման ճանաչված չափանիշ: «Ռիա»-ն փոխանցումներն իրականացնում է ուղարկող գործակալների ցանցի և ընկերությանը պատկանող վաճառակետերի միջոցով, որոնք սփռված են Հյուսիսային Ամերիկայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Խաղաղօվկիանոսյան Ասիայում, ինչպես նաև Միացյալ նահանգներից՝ www.riamoneytransfer.com կայքից առցանց տարբերակով:

«Ռիա»-ի ներկայիս ընդհանուր ցանցն ընդգրկում է 147 երկիր՝ 287 000 սպասարկման կետերով: «Ռիա»-ն հաստատակամ է հաճախորդների գոհացման հարցում և շարունակում է ապահովել իր ներկայությունն այն համայնքներում, որտեղ նրանք բնակվում են: Հավելյալ տեղեկությունների համար կարելի է այցելել www.riafinancial.com և www.riamoneytransfer.com :

«Ռիա»-ն էլեկտրոնային ֆինանսական գործարքների ապահով մշակման համաշխարհային առաջատար «Եվրոնետ Ուորլդուայդ» ընկերության (Nasdaq: EEFT) դուստր ձեռնարկություն է: Գործնական երեք սեգմենտներով՝ էլեկտրոնային ֆինանսական գործարքներ (ԷՖԳ), էլեկտրոնային վճարման կանխավճարային պրոդուկտներ և դրամական փոխանցումներ, Եվրոնետը էլեկտրոնային վճարման այլընտրանքների բազմատեսակ ընտրանի է առաջարկում հաճախորդներին մոտավորապես 165 երկրներում: Ի լրումն համաշխարհային դրամական փոխանցումների ծառայությունների՝ Եվրոնետի ապրանքների ցանկն ընդգրկում է համապարփակ բանկոմատային ծառայություններ, դրամարկղային տերմինալների սպասարկում, քարտերի միջանկյալ սպասարկման ծառայություն, կանխավճարային բջջային վճարման ծառայություններ, կանխավճարային այլ ծառայություններ և բջջային օպերատորների համար նախատեսված լուծումներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---