Հունվարի 18-ին ռեկորդային բարձր ջերմաստիճան էր, ամսի 20-ին նորից կցրտի

Հունվարի 18-ին ռեկորդային բարձր ջերմաստիճան էր, ամսի 20-ին նորից կցրտի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքը ներկա պահին գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որը իր հետ բերել է նաև տաք օդային հոսանքներ: Այս մասին հայտնել է ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ հունվարի 18-ին հանրապետությունում գրանցվել է այդ օրվա համար ռեկորդային ջերմաստիճան. Կապանում եղել է +20 աստիճան տաքություն, որը 2.1 աստիճանով գերազանցել է 1959-ի գրանցված ռեկորդը՝ +17.9 աստիճանը:

Սուրենյանի խոսքով՝ Իջևանում նույնպես ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել +17.1, որը 0.7 աստիճանով գերազանցել է 1948-ին գրանցված ռեկորդը՝ +16.4 աստիճանը, գրում է Tert.am-ը։

Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի նաև հունվարի 20-ին, և ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյուն, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև: Տեղումների ինտենսիվությունը կլինի փոքր, առանձին հատվածներում կլինեն ուժեղ քամիներ 25-30մ/վրկ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ նաև բուք:

Հունվարի 20-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով:

Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը տեղացած ձյան տեղումների քանակը գերազանցել է ամսական նորման:

Ըստ օդերևութաբանի` Արարատյան դաշտում առանձնապես գյուղատնտեսությանը վնասող վտանգավոր երևույթներ չկան, քանի որ գիշերային ժամերին շատ ցածր ջերմաստիճաններ չեն կանխատեսվում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---