Հանրաքվեին վստահված անձի աշխատանքը խոչընդոտելու դեպքով քրգործ է հարուցվել

Հանրաքվեին վստահված անձի աշխատանքը խոչընդոտելու դեպքով քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - ՀԱԿ վստահված անձ Վլադիմիր Կարապետյանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում թիվ 02/29 տեղամասում անհայտ անձը բռնություն գործադրելու սպառնալիքով խոչընդոտել է իր իրավունքների իրականացմանը:

ՀԱԿ վստահված անձ Վլադիմիր Կարապետյանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Հունվարի 16-ի տվյալներով՝ 2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող 32 քրեական գործերից, հունվարի 15-ի դրությամբ, 6-ով նախաքննությունն ավարտվել է։ 6 քրեական գործերի 5-ը, 5 մեղադրյալների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներին։ Նշված քրեական գործերը վերաբերում են Երևանի թիվ 8/08, 8/25, 10/15, 10/14, 2/32 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքերին. քննության արդյունքներով՝ մեղադրանք է առաջադրվել 5 անձի, որոնցից 3-ը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ են։

1 քրեական գործի վարույթ կարճվել է՝ հանցադեպի և հանցակազմի բացակայության հիմքով: Քննչական կոմիտեի վարույթում ներկայումս քննվում է 26 քրեական գործ:

2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---