Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը բխում է ամբողջ տարածաշրջանի շահերից

PanARMENIAN.Net - Oրերս Իրան այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է իր իրանցի գործընկեր Մանուչեհր Մոթթաքիի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի սույն տարվա հուլիսին Իրան կատարած այցից հետո հետեւողականորեն կյանքի են կոչվում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես, Իրան-Հայաստան գազատարի, բարձր լարման էլեկտրահաղորդման երրորդ գծի, ինչպես նաեւ այլընտրանքային ճանապարհի շինարարության ծրագրերը: Շոշափվեցին նաեւ էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Բացի այդ, զրուցակիցները քննարկեցին երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Գոհունակություն հայտնվեց հարաբերությունների ակտիվ զարգացման, տարբեր մակարդակներով երկկողմ շփումների առնչությամբ: Կարեւորելով երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, Վարդան Օսկանյանն ու Մնուչեհր Մոթթաքին անդրադարձան գոյություն ունեցող առեւտրատնտեսական կապերին: Նշվեց, որ Հայաստանի եւ Իրանի բազմաբնույթ համագործակցությունը բխում է ոչ միայն երկու երկրների շահերից, այլեւ նպաստավոր է ամբողջ տարածաշրջանի համար: Այս առումով կողմերը առանձնացրեցին Հյուսիս-Հարավ առանցքի լիարժեք գործարկումը: Քննարկվեցին նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման հնարավորությունները: Նախարար Օսկանյանը ներկայացրեց վերջին զարգացումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---