ԻՊ գրոհայինները քանդել են Իրաքի հնագույն քրիստոնեական վանքը

ԻՊ գրոհայինները քանդել են Իրաքի հնագույն քրիստոնեական վանքը

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հիմնահատակ քանդել են Իրաքի հնագույն քրիստոնեական վանքը, հայտնել է AP-ին` արբանյակային լուսանկարների վրա հղումով:

Սուրբ Իլիայի վանքը գտնվում է Իրաքի հյուսիսում` Նայնավա գավառում, Սիրիայի սահմանից ոչ հեռու: Այն հիմնադրվել է 595 թ. ասորի վանական Իլիայի կողմից: Արբանյակային լուսանկարները վկայում են, որ վանքը հիմնահատակ ավերվել է:

1743 թ. պարսից Նադիր շահը պահանջել է ասորի վանականներից իսլամ ընդունել կամ հեռանալ վանքից: Վանականները (30 հոգի) հրաժարվել են դա անել և սպանվել են նրա հրամանով:

Դարեր շարունակ վանքն ուխտատեղի է եղել ասորի քրիստոնյաների համար: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այստեղ փախստականներ են ապաստան գտել:

Վանքը զգալի ավերածությունների էր ենթարկվել իրաքյան պատերազմի ժամանակ, 20-րդ դարի 70-ականներին ոչ հեռու կառուցվեց Իրաքի Հանրապետական գվարդիայի ռազմակայանը, որից հետո այցելություններն անհնար դարձան: Իրաք ԱՄՆ զորքերի ներխուժումից հետո 2003-ին վանքն ու ռազմակայանի տարածքը զբաղեցրեց ԱՄՆ 101-րդ ավիադեսանտային դիվիզիան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են: Կազմակերպության ստեղծմանը մասնակցել է «Ալ Քայիդան» և նրա հետ կապված «Շուրա մոջահեդների խորհուրդը»:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---