Moody's-ը նվազեցրել է ադրբեջանական առաջատար բանկերի վարկանիշները

Moody's-ը նվազեցրել է ադրբեջանական առաջատար բանկերի վարկանիշները

PanARMENIAN.Net - Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է ադրբեջանական 6 առաջատար բանկերի վարկանիշները` դեպի բացասական: Ըստ գործակալության հրապարակած հաղորդագրության` վերանայվել են VTB (Ադրբեջան), Bank of Baku, UniBank, XALQ BANK, Bank Respublika, Kapital Bank բանկերի վարկանիշները:

Գործակալությունը վարկանիշների նվազեցումը կապում է ադրբեջանական մանաթի արժեզրկման, բանկերի եկամտաբերության նվազման հետ, ինչպես նաև 2015թ-ի դեկտեմբերին լողացող փոխարժեքի անցման հետևանքով բանկերի վարկունակության նվազման հետ, հայտնում է Panorama.am-ը:

Մասնավորապես` VTB (Ադրբեջան) բանկի բազային վարկային գնահատականը (ԲՎԳ) b2-ից իջեցվել է caa1, իսկ ճշգրտված բազային վարկային գնահատականը b1-ից` b2: Նշված ցուցանիշների վարկանիշները իջեցվել են նաև Bank of Baku ԲԲԸ-ի համար` b1-ից նվազելով մինչև b3 և UniBank-ի համար` b2-ից b3:

Moody’s-ը իջեցրել է Bank Respublika բանկի երկարաժամկետ դեպոզիտային վարկանիշը` այն «կայուն»-ից փոխելով «բացասական»-ի:

«Կանխատեսման փոփոխության պատճառը Ադրբեջանում ստեղծված տնտեսական վիճակի ֆոնին վարկային պորտֆեյլի վրա ճնշման հավանական մեծացումն է: Մանաթի արժեզրկումը կբերի ակտիվների որակի վատացմանը և Bank Respublika-ի եկամտաբերության նվազմանը»,-ասված է հրապարակման մեջ:

Գործակալությունը նաև նշում է, որ այս բանկի կապիտալիզացիան նվազել է 3%-ով: «Կայուն»-ից «բացասական»-ի են փոխվել նաև UniBank, XALQ BANK, Kapital Bank բանկերի երկարաժամկետ դեպոզիտային վարկանիշները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պետական բյուջեն կարող է վերանայվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռնարկատիրության կոմիտեի նախագահ Զիյադ Սամեդզադեն` ելույթ ունենալով խորհրդարանի արտահերթ նիստում: Ըստ նրա, նավթի գնանկումը համաշխարհային շուկայում անհրաժեշտություն է դարձնում տնտեսական ծրագրերի վերանայումը

Ինչպես հայտնի է, մանաթի արժեզրկումից հետո Ադրբեջանում կտրուկ գնաճ է արձանագրվել ինչպես տեղական արտադրության, այնպես էլ ներմուծվող ապրանքների համար: Տարադրամի փոխանակում փոխանակման կետերում չի իրականացվում, բոլոր կետերը փակվել են, շուրջ 6 հազար մարդ զրկվել է աշխատանքից: Ալիևը հանձնարարել է սեփականաշնորհման մեծ ծրագիր սկսել:

Ադրբեջանի տնտեսության մեջ ոչ նավթային հատվածն ընդամենը 2,3% է կազմում: Դա նշանակում է, որ մանաթի սրընթաց արժեզրկումից հետո տարիներ կպահանջվեն, որպեսզի Ադրբեջանը կարողանա համաշխարհային շուկա արտահանել ոչ նավթային սեկտորի ապրանքներ: Ուստի երկրում մեծ է լինելու ներմուծվող ապրանքների պահանջարկը, իսկ դա գործունեության լայն դաշտ է ստեղծում մաքսանենգների և ընդհատակյա առևտրի համար, գրում է պարբերականը:

Մինչդեռ հայտնի է դարձել, որ 2015-ի տվյալներով Ադրբեջանի կառավարությունը 350 մլն մանաթով կրճատել է սոցիալական նախագծերի ֆինանսավորումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---