Քաղաքապետարան. Աբովյան, Պուշկին և Նալբանդյան հատվածի շենքերի քանդման թույլտվություն չի տրվել

Քաղաքապետարան. Աբովյան, Պուշկին և Նալբանդյան հատվածի շենքերի քանդման թույլտվություն չի տրվել

PanARMENIAN.Net - Զանգվածային լրատվամիջոցներով շրջանառավող տեղեկատվությունն այն մասին, որ առաջիկայում նախատեսվում է Աբովյան, Պուշկին և Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում, որի մեջ մտնում է նաև «Դոլմամա» ռեստորանը, իրականացնել շենքերի ապամոնտաժման աշխատանքներ, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Այս հարցի հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ դեռևս 2008-ի օգոստոսին, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, վերը նշված հատվածը ճանաչվել է հանրային գերակա շահ: Տարածքը ձեռքբերող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունն առ այսօր իրականացնում է առկա գույքերի ձեռք բերման գործընթաց, և տարածքի կառուցապատման հետ կապված որևէ նախագիծ մինչ օրս չի ներկայացրել Երևանի քաղաքապետարան: Համապատասխանաբար, տվյալ տարածքի շենքերի քանդման կամ ապամոնտաժման թույլտվություններ չեն տրամադրվել:

Հարկ ենք համարում նաև նշել, որ տվյալ տարածքում առկա են թվով 4 հուշարձան-շենքեր, որոնց պահպանման հետ կապված Երևանի քաղաքապետարնի դիրքորոշումը հստակ է՝ դրանք պահպանվելու են նույն տեղում», - ասված է հաղորդագրության մեջ:

Հունվարի 22-ին լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որմայրաքաղաքի ռեստորաններից «Դոլմամա»-ն քանդվելու է:

Ըստ «Դոլմամա» ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանի՝ կորցնելու է 18 տարվա իրաշխատանքը:

«Վնասը միայն ինձ չէ հասցվում, ցանկություն կա ամբողջ փողոցը քանդելու: Այստեղ մի քանի շենք կա, որոնք 19-րդ դարի են, հրշեջների շենքը՝ 20-րդ»,- ասել է Ավանյանը:

Աբովյան-Պուշկին-Սախարով հրապարակի եռանկյունին պահպանելու համար 80 տուրօպերատոր դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Տարածքի ձեռքբերողը Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դեվելոփերս» ընկերությունն է:

ՀՀ կառավարության 2007-ի հունվարի 25-ի 108 N որաշմամբ` Արամի 30 շենքի հարևանությամբ գտնվող մի շարք այլ շինությունների զբաղեցրած հողամասերը ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ: 2016-ի հունվարին Արամի 30 շենքը քանդվել է: Ականատեսների վկայությամբ, շենքի քանդման հիմնական աշխատանքները կատարվել են գիշերային ժամերին:

Հասարակական պայքարը Արամի 30-ի պահպանման համար սկսվել էր ավելի քան հինգ տարի առաջ: Սակայն այն դադարել էր, երբ տարածքի քաղաքաշինական ծրագրի նախագծող Աշոտ Ալեքսանյանը քաղաքացիներին վստահեցրել էր, որ Արամի 30-ի առնվազն ֆասադային հատվածը հնարավոր կլիներ պահպանել։ Քաղաքապետարանը շենքի ավերումը բացատրում է Արամի և Աբովյան փողոցների քննարկվող հատվածների մայթերը ընդլայնելու նպատակով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---