Հայոց բանակը 24 տարեկան է

Հայոց բանակը 24 տարեկան է

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին Հայաստանում նշվում է Բանակի օրը:

1991 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մինիստրների խորհրդին կից ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն, իսկ դեկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թվականի հունվարի 28-ին պատմական որոշում կայացվեց «ՀՀ պաշտպանության մասին», այդպիսով ազդարարելով հայկական բանակի ստեղծումը:

Հունվարի 28-ի առավոտյան բանակի կազմավորման 24-րդ ամյակի կապակցությամբ Եռաբլուր են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ` հարգանքի տուրք մատուցելով Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին:

Բանակի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով, արժանացել զինվորական բարձր կոչումների: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Սամվել Ղուկասյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Մեկ այլ հրամանագրով ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Մի խումբ զինվորականներ պարգևատրվել են Մարտական ծառայության, Արիութայն, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Հայոց բանակի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բանակն ամեն ինչ անում են՝ համաժողովրդական բանակի վերածվելու համար:

«Խորհրդանշանական է, որ այսօր առավոտյան բոլորս այցելում ենք Եռաբլուր, մեր մարտական ընկերներին, նրանց ընտանիքներին շնորհավորելու համար», - ասել է նա, հավելելով, որ Հայոց բանակի մարտունակությունը թույլ է տալիս ասելու, որ հայկական բանակը տարածաշրջանում իր խոսքով` փոխգործունակ, մրցունակ, և հաղթանակած բանակ է:

Խոսելով բանակաշինության մասին՝ պետք է առանձնացնել երեք հիմնական փուլ: Առաջինը՝ ազգային ազատագրական շարժման մեկնարկը Լեռնային Ղարաբաղում: Այն ժամանակ երկրի անվտանգությունն ապահովում էին կամավորները, որոնք միավորվեցին և կազմեցին կամավորական ջոկատներ: Ջոկատները չունեին կենտրոնական հրամանատարություն, ամեն մեկը մարտնչում էր այնպես, ինչպես հարկ էր համարում, բայց բոլորը պատրաստ էին մեռնել հանուն Ղարաբաղի ազատագրման ադրբեջանական օկուպացիայից: Այդ ջոկատներն էլ կազմեցին կանոնավոր բանակի հենքը: Երկրոդը փուլն ազգային բանակի ստեղծումն էր պատերազմական պայմաններում:

Հետո եկավ երրորդ փուլը, ի դեպ, այն դեռ ավարտված չէ: Այս փուլը կարելի է անվանել բանակաշինության փուլ: Արդեն 20 տարուց ավելի տևող հրադադարի ռեժիմը թույլ է տալիս կենտրոնանալ զորքերի տարբեր ճյուղերի զարգացման վրա ու ապահովել կապերի ամրապնդումը Հայաստանի ԶՈւ և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի միջև:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---