9 հունվարի 2007 - 16:24 AMT
Ռուսաստանում հայերի նկատմամբ բռնության հարցը շարունակում է մնալ ՀՀ ԱԳՆ ուշադրության կենտրոնում
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր առեւտրատնտեսական գործընկերներից մեկը: Ինչպես ասվում է Հայաստանի արտգործնախարարության 2006 թվականի տարեկան հաշվետվության մեջ, 2006թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 376,9 մլն ԱՄՆ դոլար (2005թ.` 300 մլն դոլար): Երկկողմ տնտեսական գործակցության խոշորագույն ծրագրերից էր «ԱրմենԱլ» գործարանի արդիականացումը, որն ավարտի հասցվեց ընթացիկ տարում: Ընթացիկ տարում ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ-երի միջեւ տեղի ունեցան մի շարք խորհրդատվություններ, որոնց օրակարգում ընդգրկված էին հայ-ռուսական երկկողմ, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հետ կապված հարցեր: 2006թ. ընթացքում զգալիորեն ակտիվացել են նաեւ ուղիղ կապերը ՀՀ մարզերի ու ՌԴ սուբյեկտների միջեւ: Ինչպես նաեւ ընթացիկ տարում մեծ խթան ստացավ երկկողմ համագործակցությունը գիտության եւ տեխնիկայի, կրթության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում: Ռուսաստանի հայ համայնքը զգալի ներդրում է կատարում հայ-ռուսական հարաբերությունների խորացման գործում:

Հաշվետվության մեջ նշվում է, որ 2006 թ. մթագնվեց էթնիկական հողի վրա Ռուսաստանում հայերի մի շարք սպանություններով: Հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ հայկական կողմը բազմիցս ընդգծել է ազգային անհանդուրժողականության այդ դրսեւորումների բացառման անհրաժեշտությունը: Սույն հարցը շարունակում է գտնվել ՀՀ արտաքին գործերի գերատեսչության եւ ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ուշադրության կենտրոնում: