ԵՏՄ կոլեգիայի անդամ. Տնտեսական իրավիճակը թույլ չի տալիս ԵՏՄ-ում արժութային միասնական համակարգ ներդնել

ԵՏՄ կոլեգիայի անդամ. Տնտեսական իրավիճակը թույլ չի տալիս ԵՏՄ-ում արժութային միասնական համակարգ ներդնել

PanARMENIAN.Net - Տնտեսական ներկա դրությունը թույլ չի տալիս Եվրասիական տնտեսական միության մեջ ներդնել արժութային միասնական համակարգ: Այս մասին ասել է ԵՏՄ կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան:

Նա նշել է, որ ներկա փուլում միասնական արժույթի ներդրումը կհանգեցնի տնտեսական բացասական հետևանքների:

Փոխարենը, Վալովայայի խոսքով, պետք է խորացվի մակրոտնտեսական համագործակցությունը, իսկ դա կարող է արվել ԵՏՄ անդամ-պետությունների միջև կատարվող առևտրաշրջանառության դիմաց ազգային արժույթով վճարումներ կատարելու դեպքում, գրում է Tert.am-ը:

Հարցին, թե երբ գործի կդրվի ազգային արժույթներով վճարումներ կատարելու համակարգը, հնարավոր է, որ Հայաստանը սրա շրջանակում գազի դիմաց ռուբլով վճարի, ինչի շուրջ մի քանի անգամ առաջարկներ արվել են, Վալովայան ասել է, թե այսօր ԵՏՄ անդամ բոլոր պետություններն ունեն հնարավորություն օգտագործել ազգային արժույթը, բայց դրա համար իրենք պետք է ստեղծեն տնտեսական հիմքեր:

«Ազգային արժույթներով հաշվարկներ կատարելը իրականանալի դարձնելու համար տնտեսական հիմքեր են պետք: Սա չի նշանակում, որ մենք ուզում ենք որևէ մեկին արգելել որևէ երրորդ պետության հետ առևտուր անել, վճարումներ կատարել այլ արժույթով, ո՛չ, մենք պարզապես ուզում ենք մեր անդամ-պետությունների համար դյուրացնել միջպետական հաշվարկները, որոնք ավելի դժվար է կատարել եվրոյով կամ դոլարով»,- նշել է ԵՏՄ կոլեգիայի անդամը:

Վալովայայի խոսքով՝ հայկական գործընկերները շահագրգռված են, ակտիվ աշխատում են ազգային արժույթով վճարումներ կատարելու գաղափարի իրականացման ուղղությամբ:

Մայիսի 29-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում առաջարկեց աշխատել միասնական արժույթի ստեղծման վրա: «Հնարավոր կլիներ քննարկել հեռանկարում արժութային միության ստեղծման հնարավորությունն ու պայմանները», -ասել է նա:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երեք երկրների նախագահների հետ Աստանայում կայացած հանդիպման ժամանակ առաջարկեց անցում կատարել միասնական արժույթի: Նա Կենտրոնական բանկին և կառավարությանը հանձնարարեց մինչև սեպտեմբերի 1-ը որոշել այդ բարեփոխման տնտեսական նպատակահարմարությունը: Դա առիթ տվեց որոշ փորձագետների եզրակացնել, որ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Ռուսաստանը ձգտում է որքան հնարավոր է արագ միասնական արժույթ ներմուծել: Տարբեր ժամկետներ նշվեցին` 1-2-ից մինչև 3-5 տարի:

Կարդավեք նաև՝ Բելառուսի ԱԳ նախարար. ԵՏՄ-ում ընդհանուր արժույթի ժամանակը դեռ չի եկել

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---