17 հունվարի 2007 - 15:23 AMT
Շուշիի ազատագրումը խորհրդանշող հուշարձանի կանգնեցման հնարավորությունն հարուցել է Բաքվի «դժգոհությունը»
«Հայկական կողմը շարունակում է ապակառուցողականություն դրսեւորել, թեեւ անհաջող, սակայն փորձում է ղարաբաղյան հարցին վերաբերող իրավիճակը հասցնել անցյալ դարի 90-ականների մակարդակին, երբ իրդարձությունների եւ հակամարտության կարգավորման գործընթացի զարգացման հայկական տեսակետը գերակշռում էր»,-հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո եւ տեղեկատվական քաղաքականության վարչության ղեկավար Թաիր Թաղիզադեն` մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանը բաց մրցույթ է հայտարարել Ադրբեջանի դեմ պայքարում Ղարաբաղի Շուշի քաղաքի ազատգրումը խորհրդանշող հուշարձանի նախագծի համար: «ես չգիտեմ, որքանով դա կհաջողվի, բայց ես հույս ունեմ, որ հայկական ղեկավարությունը չի դիմի նման բացահայտ ապակառուցողական քայլի, հաշվի առնելով դրականորեն զարգացող խաղաղ գործընթացը»,-նշել է նա, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջան»-ը:

Նշենք, որ 2007 թվականին լրանում է Ղարաբաղի հին հայկական բերդաքաղաք Շուշիի ազատագրման 15-ամյակը, որը 19-րդ դարում եղել է հայության մշակութային, կրթական եւ հոգեւոր կենտրոններից մեկը: Այդ առիթով Երեւանի քաղաքապետարանը բաց մրցույթ է հայտարարում Ադրբեջանի հետ պատերազմում Շուշիի ազատագրումը նշանավորող հուշարձանի նախագծի համար: Հուշարձանն իր գեղարվեստական կատարմամբ պետք է խորհրդանշի հայ ժողովրդի ազատագրական պայքարն Արցախում: