Ռոստոմյան. Զիկա տենդը չի կարող կասկածի տակ դնել ՀՀ մասնակցությունը Օլիմպիադային

Ռոստոմյան. Զիկա տենդը չի կարող կասկածի տակ դնել ՀՀ մասնակցությունը Օլիմպիադային

PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերից առաջ Բրազիլիայում տարածված «Zika» վիրուսը լուրջ թեմա է դարձել թե կազմակերպիչների, թե Խաղերին մասնակցող երկրների համար:

Խնդիրը քննարկելու նպատակով հրավիրված ՀԱՕԿ-ի, առողջապահության նախարարության մասնագետների և սպորտային բժիշկների մասնակցությամբ հատուկ խորհրդակցությունում մասնագետները հանգամանալից անդրադարձել են դրա վտանգներին, տարածմանն ու կանխարգելմանը, խոսել դրանից հնարավորին չափ արդյունավետ խուսափելու միջոցների շուրջ:

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշել է, որ Հայաստանի օլիմպիական հավաքականը երբեք մասնակիցների այսպիսի ուժեղ կազմ չի ունեցել և այդ վիրուսը չի կարող կասկածի տակ դնել Խաղերին մասնակցելը, գրումէ Aravot.am-ը: Առավել ևս, որ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամ է սատարել և միջոցներ հատկացնել Ռիո մեկնող Հայաստանի մարզական պատվիրակությանը, որպեսզի բոլորն անցնեն անհրաժեշտ բուժզննում և ստանան անհրաժեշտ պատվաստումներ, եթե անգամ այդ ամենն անհրաժեշտ լինի իրականացնել Գերմանիայում, Ֆրանսիայում կամ ցանկացած այլ երկրում:

Զիկա տենդը Զիկա վիրուսով հարուցված միջին ծանրության հիվանդություն է: Այն տարածված է արևադարձային և մերձարևադարձային երկրներում, քանի որ հիմնականում փոխանցվում է այդ կլիմայական գոտիներում տարածված Aedes aegypti ցեղի մոծակի միջոցով: Վերջերս ԱՄՆ-ում արձանագրվել է սեռական ճանապարհով Զիկա վիրուսի փոխանցման 1 դեպք: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԲՆ մամուլի ծառայությունը:

Նկատի ունենալով Զիկա տենդի համաճարակային լարված իրավիճակն աշխարհում, ՀՀ պետական սահմանի անցակետերում ուժեղացվել է հսկողությունը Զիկա տենդի կասկածով հիվանդների հայտնաբերման համար:

Հայաստանի ազգաբնակչության շրջանում հիվանդության կանխարգելման նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է «Զիկա տենդի համաճարակաբանության, ծագումնաբանության, դեպքի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման» մեթոդական ուղեցույցը, «Նախազգուշացում զբոսաշրջիկներին՝ Զիկա տենդից խուսափելու համար» վերտառությամբ պաստառը, ինչպես նաև հանձնարարվել է ՀՀ պետական սահմանի անցակետերում ուժեղացնել սանիտարակարանտինային հսկողությունը Զիկա տենդի կասկածով հիվանդների հայտնաբերման համար:

2013 թվականին Ֆրանսիական Պոլինեզիայում Զիկա տենդի բռնկման ժամանակ նկարագրվել է Զիկա վիրուսով հիվանդացման և Գիեյն-Բարեի համախտանիշի (նյարդային համակարգի ախտահարում, որն ուղեկցվում է մկանային թուլությամբ) առաջացման կապը: 2014 թվականին Ֆրանսիական Պոլինեզիայում, ինչպես նաև 2015 թվականին Բրազիլիայում տեղի ունեցած բռնկման ընթացքում՝ հղի կանանց վարակման դեպքում նկարագրվել է նորածինների միկրոցեֆալիայի և զարգացման այլ բնածին արատների առաջացումը:

Խորհւրդ է տրվում հղի կանանց, ինչպես նաև նրանց, ովքեր պլանավորում են հղիանալ, խուսափել Զիկա վիրուսի տարածման երկրներ այցելելուց:

Մինչ օրս նկարագրվել է վիրուսի շրջանառությունը Աֆրիկա, Ամերիկա, Ասիա մայրցամաքներում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում:

Զիկա տենդի գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է, որ այն տևում է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ: Համարվում է, որ վարակվածների միայն 20-40%-ի մոտ է հիվանդությունը կլինիկորեն արտահայտվում: Զիկա տենդի ախտանշանները նման են Դենգեի, Չիկունգունյա տենդերին, սակայն ավելի մեղմ են՝ տենդ, ցան, հոդացավ, շաղկապենու բորբոքում, մկանացավ, գլխացավ, հոգնածություն: Հիվանդությունը տևում է 2-7 օր: Հիվանդության ծանր ձևերը հազվադեպ են հանդիպում և դրանք հիմնականում կրում են նյարդաբանական բնույթ: Հազվադեպ են գրանցվում նաև մահվան դեպքեր:

Զիկա վիրուսի դեմ կանխարգելիչ պատվաստանյութ դեռևս չի ստեղծվել:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---