Հանրաքվեին ընտրախախտումների դեպքով հարուցված քրգործերի թիվը հասել է 73-ի

Հանրաքվեին ընտրախախտումների դեպքով հարուցված քրգործերի թիվը հասել է 73-ի

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 73 քրեական գործ: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 22 քրեական գործ 25 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 31 քրեական գործերով 35 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, 6 քրեական գործով 6 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Հանրաքվեին ընտրախախտումների վերաբերյալ արդեն երեք քրեական գործով երեք անձի վերաբերյալ արդեն կայացվել է մեղադրական դատավճիռ: Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 3-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրն այլ անձի փոխարեն քվեարկելու համար հարուցված քրեական գործով դատական նիստ:

Ամբաստանյալ Մհեր Ռշտունին 2015-ի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը պետք է քվեարկեր Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 10/6 ընտրատեղամասում: Դրա փոխարեն նա գնացել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող Երվանդ Քոչարի 12/1 հասցեում, Նար Դոսի անվան դպրոցում տեղակայված 10/14 ընտրատեղամաս և քվեարկել է այլ անձի՝ Ժենյա Ղասաբօղլյանի փոխարեն և ստորագրել ընտրացուցակի 562 համարի դիմաց:

Մհեր Ռշտունու նկատմամբ պատիժ նշանակվեց տուգանք 500.000 դրամի չափով:

Թիվ 9/2 ընտրական տեղամասի անդամ Զավեն Միրիջանյանը 2015-ի նոյեմբերի 25-ին, ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, հանդիպել է նույն հանձնաժողովի անդամ Վ. Հարությունյանին և նյութապես շահագրգռելով պահանջել է ձեռք բերել և իրեն տրամադրել վստահված անձանց տրվող, չլրացված երկու վկայականներ, իսկ հանրաքվեի օրը՝ իր ասած ժամին որոշակի ժամանակով լքել քվեարկության սենյակը: Դատավորը որոշել է, որ այն 100 հազար դրամը, որը Զավեն Միրիջանյանը որպես կաշառք առաջարկել էր տալ Հայ Ազգային Կոնգրեսի անդամին, բռնագանձել հօգուտ պետության, նշանակել 2 տարի փորձաշրջան՝ նրան անհապաղ ազատ արձակելով դատարանի դահլիճից։

Նոր Նորք վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը ընտրակեղծարարության մեջ մեդարվող թիվ 104 միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Անահիտ Աթայանին փետրվարի 15-ին տուգանել է 600.000 դրամով։ Աթայանը մեղադրվում է հանրաքվեի օրը կրկնակի քվեարկություն կատարելու մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---