Հռոմի պապը ՀՀ կայցելի սեպտեմբերին

Հռոմի պապը ՀՀ կայցելի սեպտեմբերին

PanARMENIAN.Net - 2016-ի սեպտեմբերին սպասվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Մայր աթոռ Սբ. Էջմիածին, և այցի կազմակերպման կապակցությամբ Մայր աթոռը կապի մեջ է Վատիկանի հետ: Այս մասին տեղեկացվել է Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) ընդլայնված կազմով ժողովի ժամանակ, որը Մայր աթոռում մեկնարկել է փետրվարի 16-ին և աշխատանքները կավարտի փետրվարի 20-ին:

Ժողովի նիստերը վարել են Կ. Պոլսի պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

Ժողովին քննության են առնվել կանոնական ու կանոնադրական-իրավական, ազգային ու հասարակական, թեմական ու համայնքային, եկեղեցաշինական ու կարգապահական բազմաբնույթ հարցեր:

Փետրվարի 16-ին առաջին նիստին քննարկվել է Ազգային-եկեղեցական ժողովի և Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման հարցը: Քննարկումների արդյունքում որոշվել է նախապատրաստական աշխատանքների ժամանակատարությունից ելնելով Ազգային-եկեղեցական ժողովի գումարումը նախատեսել 2017-ին, իսկ 2016-ի հոկտեմբերին հրավիրել Եկեղեցական-ներկայացուցչական ժողով:

Ժողովին Գերագույն հոգևոր խորհուրդը լսել է նաև Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ամենամյա հիշատակության ծիսական կանոնի խմբագրման հանձնախմբի համակարգող Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի զեկույցը՝ Ցեղասպանության նահատակների ծիսական կանոնի և ապրիլի 24-ին կատարվելիք Բարեխոսական կարգի մասին:

Հնդկաստանի և Արևելքի հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը տեղեկություններ է փոխանցել Արևելքի, մասնավորապես՝ Յանգունի, Սինգապուրի, Բանկոկի, Մյանմարի Հանրապետության և Բանգլադեշի Դաքքա քաղաքի եկեղեցական համայնքների մասին:

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին ներկայացվել են նաև Մայր աթոռում ընթացող բարեկարգման և կառուցապատման աշխատանքները: Հատուկ անդրադարձ է կատարվել Մայր Տաճարի ամրակայման և վերանորոգության աշխատանքների ընթացքին: Նշվել է նաև, որ ընթացիկ տարում կավարտվի Վեհարանի շենքի հիմնանորոգումը և «Էօրնեկեան» դպրոցի նոր մասնաշենքերի կառուցումը:

Այս կապակցությամբ ԳՀԽ անդամները գոհունակություն են հայտնել կատարված աշխատանքների առիթով՝ կարևորելով համայն հայության հոգևոր կենտրոնի բարեզարդմանն ու պայծառությանն ուղղված ջանքերը: Ժողովի ընթացքում ներկայացվել են Մայր աթոռ Ս. Էջմիածնի 2015-ի գործունեության տեղեկագիրը և ֆինանսական հաշվետու զեկույցը:

Ըստ այդմ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում Մայր աթոռում և թեմերում կազմակերպվել են 854 ոգեկոչման և հիշատակի արարողություններ, գիտաժողովներ, սեմինարներ, միջեկեղեցական արարողություններ, խաչքարերի օծումներ, ցուցահանդեսներ և բազմաբնույթ այլ միջոցառումներ:

Մայր Աթոռի հոգևոր, կրթական հաստատություններում ընդհանուր թվով ուսանել է 295 սան, որից` 98-ը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանում, 81-ը՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, 43-ը՝ Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում, 31-ը՝ Քահանայից պատրաստման եռամյա լսարանում, 42-ը՝ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում: «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում ուսանել է 324 աշակերտ: «Էօրնեկեան» մանկապարտեզ հաճախել է 45 մանուկ:

2015 թ. շարունակել են գործել 7 հայորդյաց տները (Էջմիածին, Աշտարակ, Գյումրի, Վանաձոր, Երևանում` Նորք, Մալաթիա և Արաբկիր) և Մանրանկարչության արվեստի կենտրոնը, որտեղ հաճախում են մոտ 3500 շերեխա: Տարվա ընթացքում բոլոր հայորդյաց տներում իրականացվել է 282 բազմաբնույթ միջոցառում:

Տարեցտարի ընդլայնվող սոցիալական ծրագրերի շրջանակում սոցիալական աջակցություն է հատկացվել անապահով ընտանիքներին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, ծերախնամ կառույցներին, բանտարկյալներին և զինծառայողներին: Հաշվետու տարում Մայր Աթոռի կողմից դրամական և նյութական աջակցություն է ցուցաբերվել 20000 անձի:

2015-ին իրենց բնականոն գործունեությունն են շարունակել Մալաթիայի, Արաբկիրի, Նորքի, Էջմիածնի, Վանաձորի բարեգործական ճաշարանները, որտեղ օրական սնունդ է ստացել ընդհանուր թվով 1000 անձ: «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնում խնամվում են 14 պատանիներ: Իր գործունեությունը շարունակել է ծավալել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը` անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելով հիվանդներին:

2015 թ. Հայաստանի և Սփյուռքի թեմերում, Հայրապետական պատվիրակություններում օծվել են 21 նոր եկեղեցի: Շինարարության և վերանորոգման փուլում են գտնվում 34 եկեղեցի: Թեմերի հովանու ներքո գործել են 271 կիրակնօրյա դպրոց:

Գերագույն հոգևոր խորհուրդը գոհունակությամբ ընդունել է ներկայացված զեկույցը՝ ողջունելով իրականացվող լայնածավալ գործունեությունը:

2015-ի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագի ժամանակՀռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում հայերի սպանություններն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Նա հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։

Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել էր հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով էր կոպիտ քննադատություններից մինչև վիրավորանքներ Հռոմի պապի և արգենտինացիների հասցեին:

Իսկ սեպտեմբերի 7-ին Կիլիկիայի նորընտիր պատրիարք Գրիգոր Պիեռ Գաբրոյանի հետ մատուցած պատարագի ժամանակ Սանտա Մարթա բնակավայրում գտնվող մատուռում Հռոմի պապը հայտարարել է, որ հայ ժողովրդի նկատմամբ տեղի է ունեցել ամենամեծ հալածանքներից մեկը, և հայերին հետապնդել են միայն քրիստոնյա լինելու համար։Հռոմի պապը Վատիկանում` Արևելյան եկեղեցիների օգնության միավորման ընդլայնված նիստի մասնակիցների ընդունելության ժամանակ հորդորել է բարեգործներին քրիստոնյաներին օգնելիս չմոռանալ նաև Հայաստանի մասին:

Կարդացեք նաև՝ Բալայան. Թուրքիայի տեղեկատվությունը, թե Վատիկանը հետքայլ է արել ապրիլյան ուղերձից, ամբողջությամբ կեղծ է

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---