ԻՊ գրոհայինները գերեվարել են իրաքյան Էլ Ֆալուջայի 150 բնակչի

ԻՊ գրոհայինները գերեվարել են իրաքյան Էլ Ֆալուջայի 150 բնակչի

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գերեվարել են իրաքյան Էլ Ֆալուջայի 150 բնակչի` առևանգելով նրանց հենց իրենց սեփական տներից: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը սեփական աղբյուրների վրա հղումով:

Ինչպես պնդում են հեռուստաալիքի աղբյուրները, քաղաքը վերահսկող ահաբեկիչները խուզարկություններ են կատարել տներում:

Իրաքի արևմտյան Անբար գավառի Էլ Ֆալուջա քաղաքի կենտրոնը շարունակում է մնալ ԻՊ գրոհայինների հսկողության տակ: Իրաքի իշխանությունները սակայն, հայտարարել էին, թե գրոհայիններն Էլ Ֆալուջայում կրիտիկական վիճակում են, հրամանատարական կազմի որոշ անդամներ փախել են պաշարված քաղաքից այլ շրջաններ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ավելի քան 50 երեխա են առևանգել Իրաքի Մոսուլ քաղաքի արվարձաններում և վաճառել Թուրքիա: Իրաքից բերված յուրաքանչյուր երեխայի «գինը» մոտ 5000 դոլար է: ԻՊ ծայրահեղականները վերջին շրջանում խմբավորման բյուջեի համալրման «նորանոր ձևեր» են որոնում, որից մեկն էլ մարդկանց և նրանց օրգանների վաճառքն է Իրաքի և Սիրիայի հարևան երկրներում:

Ավելի վաղ հրապարակված ՄԱԿ զեկույցում ասվում էր, որ ԻՊ-ն, հավանաբար, ստրուկի կարգավիճակում է պահում մոտ 3500 մարդու, հիմնականում `կանանց և երեխաների: Նրանք հիմնականում եզդիներ են, կան նաև այլ ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---