Իրաքի բանակը հետ է մղել ԻՊ գրոհը Էր Ռամադիի ուղղությամբ

Իրաքի բանակը հետ է մղել ԻՊ գրոհը Էր Ռամադիի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Իրաքյան բանակի զինվորականները ոչնչացրել են «Իսլամական պետություն» խմբավորման 46 զինյալի` հետ մղելով ահաբեկիչների գրոհը Էր Ռամադիի արևելյան մատույցներում: Այդ մասին Alsumaria հեռուստաալիքին է հայտնել տեղի զինվորական հրամանատարության ղեկավար Իսմաիլ ալ Մահլաուին:

«ԻՊ խմբավորումն առավոտյան գրոհել է 10-րդ բրիգադի բազան Էլ Համիդիայի շրջանում, որն Էլ Ռամադիից դեպի արևելք է գտնվում: Բրիգադի ուժերը միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ հետ են մղել գրոհն ու ԻՊ 46 գրոհային են ոչնչացրել»,-ասել է Ալ Մահլաուին:

Շրջանը, որտեղ տեղի է ունեցել գրոհը, ավելի վաղ գտնվում էր ահաբեկիչների ձեռքում, սակայն բանակայինները գրավել էին այն: Զինվորականները նաև իրենց հսկողության տակ են վերցրել մայրուղին:

Իրաքի բանակն ակտիվ մարտական գործողություններ է վարում ահաբեկիչների դեմ Անբար գավառում ՌՕՈւ, աշխարհազորի և ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ: Էր Ռամադին անցավ բանակի հսկողության տակ 2015-ի դեկտեմբերին:

Ռամադիի գրավումը 2014-ից ի վեր իրաքյան զինված ուժերի ամենամեծ հաջողություններից մեկն է: Ռամադիի գրոհը սկսվել էր նոյեմբերի սկզբին, սակայն դանդաղ էր առաջ գնում, քանի որ կառավարությունը, ջանալով խուսափել միջդավանական բախումներից քաղաքի սունի բնակչության հետ, որոշել էր հրաժարվել շիաների մարտունակ աշխարհազորից, որի օգնությամբ հաջողվել էր գրավել Տիկրիտը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---