Նյու Յորքի կինոփառատոնում հայկական թեմաներով 8 ֆիլմ կներկայացվի

Նյու Յորքի կինոփառատոնում հայկական թեմաներով 8 ֆիլմ կներկայացվի

PanARMENIAN.Net - Socially Relevant (SR) նորարարական ոչ կոմերցիոն 3-րդ կինոփառատոնին հայկական թեմաներով 8 ֆիլմ կմասնակցի: Փառատոնի շրջանակում ներակայցվում են նաև սոցիալական կարևորություն ունեցող ֆիլմեր մարդու և կյանքի մասին, հայտնում է asbarez-ը:

Կինոփառատոնը կբացվի մարտի 14-ին գրական ստեղծագործությունների ադապտացման ժյուրիի մասնակցությամբ: Ժյուրիի անդամների թվում կլինեն նաև Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Շենքանը և հայտնի ֆրանսիացի գրող Մարկ Լևին: Կինոդիտումները տեղի կունենան մարտի 15-19-ը, իսկ փակման արարողությունը` մարտի 20-ին: Այս տարի փառատոնին ներկայացվել է հայկական թեմայով 8 ֆիլմ, որից 2-ը` լիամետրաժ, մյուսները` կարճամետրաժ, որոնց թվում կկայանա նաև ռեժիսոր Ջոն Լաբբոկի «100 տարի անց» ֆիլմի միջազգային պրեմիերան:

Փառատոնին տեղի կունենան նաև ռեժիսոր Մուհամեդ Խանաֆի Նասրի «Ո՞վ սպանեց հայերին» ֆիլմը, որն արաբական առաջին վավերագրական ֆիլմն է Հայոց ցեղասպանության մասին, որը նկարահանվել է Եգիպտոսում, Հայաստանում և Լիբանանում:

Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա ԱՄՆ-ում, պատմում է Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաների մասին, որոնց ընտանիքները սպանվել են Ցեղասպանության տարիներին: Հայաստանում նկարահանված Արեն Մալաքյանի «Աղջիկը Լուսնի վրա» ֆիլմը պատմում է սահմանափակ կարողություններով մարդկանց առաջին քայլերի մասին և պարի օգնությամբ իրենց կյանքի ընթացքը փոխելու նրանց փորձերի մասին:

Մարինե և Սոնա Քոչարյանների «Ինչպես հասնել Ջիլիզից Ջիլիզ» ֆիլմը պատմում է մի աղջկա մասին, որը երազում է իր տատիկի և մյուս բարեկամների հետ ապրելու մասին, որոնք սակայն սահմանից այն կողմ են, թեև մի քանի մետր հեռավորության վրա:

Փառատոնում տեղի կունենա նաև ռեժիսոր Աննա Բայաթյանի «Արդեն գիտեմ» ֆիլմի միջազգային պրեմիերան, որի գլխավոր թեման հույսն է:

Դավիթ Հովանի «Ավերվածները» պատմում է պատերազմի մասին հիշողությունների և հետտրավմատիկ սթրեսային խանգարման մասին:

Ռուբեն Փաշինյանի «Տղաս, ո՞ւր է Եփրատը» ֆիլմը նկարահանվել է Հայաստանում և պատմում է ծերունու մասին, որը որպես զբոսաշրջիկ եկել է Հայաստան և անընդհատ փորձում է գտնել Եփրատ գետը:

Socially Relevant (SR) նորարարական ոչ կոմերցիոն փառատոնի հիմնադիրն է Նորա Արմանին, որը ձգտում է բավարարել պարզ մարդկային պատմությունների պահանջարկը` կինոյում բռնության ու ագրեսիայի փոխարեն: Առաջին 2 տարում փառատոնը հարթակ է եղել 33 երկրից 108 ֆիլմի համար, պարգևատրել է ավելի քան 12 տաղանդավոր կինոգործիչների աշխարհի տարբեր երկրներից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---