500.000 դրամ տուգանք «Գազպրոմ Արմենիա» ներկայացուցչին՝ ընտրակեղծարարության համար

500.000 դրամ տուգանք «Գազպրոմ Արմենիա» ներկայացուցչին՝ ընտրակեղծարարության համար

PanARMENIAN.Net - Շիրակի մարզում փետրվարի 24-ին երրորդ անգամ դատարանը տոըգանքն է սահմանել ընտրակեղծարարի համար: «Գազպրոմ Արմենիա» ընկերության Գյումրիի մասնաճյուղի հսկիչ Արա Դարբինյանը հանրաքվեի օրը մեկ անգամ իր հաշվառման վայրում էր քվեարկել, մեկ անգամ էլ հարևան տեղամասում` գյումրեցի Գագիկ Գևորգյանի փոխարեն:

Քրեական օրենսգրքով այս արարքը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` 2-3 տարի ժամկետով, դատարանը հերթական անգամ որոշել է կեղծարարին թողնել ազատության մեջ:

Կրկնաքվեարկության մյուս գործերի նման այս մեկն էլ անցավ արագացված կարգով: Ամբաստանյալը միջնորդել է, որ իրեն չնկարահանեն, ապա շատ արագ համաձայնել է առաջադրված մեղադրանքի հետ, իրեն մեղավոր է ճանաչել ու խնդրել մեղմ պատիժ սահմանել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Խնդրում եմ, մեղմ մոտեցեք, կատարվածի համար զղջում եմ»,- ասել է նա։

Թեև մեղադրողը պահանջել էր «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցչին տուգանել 600.000 դրամով, դատարանը որոշել է ավելի մեղմ գտնվել և Դարբինյանին տուգանել է500.000 դրամով։

Բավական կարճ տևած նիստի ընթացքում ու դրանից հետո այդպես էլ պարզ չդարձավ` մեղադրյալը կես միլիոն դրամի տուգանքը ինչպես է վճարելու կամ ինչն էր նրան դրդել այլ ուրիշի փոխարեն քվեարկել: Թե դատարանում, թե նիստից հետո Դարբինյանը մեր հարցերին չի պատասխանել:

Նոր Նորք վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը ընտրակեղծարարության մեջ մեդարվող թիվ 104 միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Անահիտ Աթայանին փետրվարի 15-ին տուգանել է 600.000 դրամով։ Աթայանը մեղադրվում էր հանրաքվեի օրը կրկնակի քվեարկություն կատարելու մեջ:

Ամբաստանյալ Մհեր Ռշտունին 2015-ի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը պետք է քվեարկեր Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 10/6 ընտրատեղամասում: Դրա փոխարեն նա գնացել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող Երվանդ Քոչարի 12/1 հասցեում, Նար Դոսի անվան դպրոցում տեղակայված 10/14 ընտրատեղամաս և քվեարկել է այլ անձի՝ Ժենյա Ղասաբօղլյանի փոխարեն և ստորագրել ընտրացուցակի 562 համարի դիմաց:

Մհեր Ռշտունու նկատմամբ պատիժ նշանակվեց տուգանք 500.000 դրամի չափով:

Փետրվարի 5-ի դրությամբ Սահմանադրական հանրաքվեի առնչությամբ հարուցվել է 67 քրեկան գործ, 28 քրեական գործով 32 անձ է ներգրավված՝ որպես մեղադրյալ, իսկ 18 քրեական գործ, 21 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Երկու քրեական գործով երեք անձի վերաբերյալ արդեն կայացվել է մեղադրական դատավճիռ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---