Coca-Cola-ն տուգանվել է «Դալմայում» սննդի օբյեկտներից Pepsi-ին դուրս մղելու համար

Coca-Cola-ն տուգանվել է «Դալմայում» սննդի օբյեկտներից Pepsi-ին դուրս մղելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանել է Coca-Cola ընկերությանը 50 միլիոն դրամով գերիշխող դիրքի չարաշահման համար:

Ինչպես հայտնում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը, «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերությունը դիմում-բողոք էր ներկայացրել յանձնաժողով, տեղեկացնելով, որ «Դալմա Գարդեն Մոլ» համալիրի սննդի սպասարկման տարածքում գործունեություն իրականացնող 11 տնտեսվարողներ հրաժարվում են վաճառել Pepsi ըմպելիքը: Մինչդեռ, վերը նշված բոլոր օբյեկտներում լայնորեն ներկայացված են Coca-Cola ընկերության ըմպելիքները:

Հանձնաժողովը պահանջել է տնտեսվարողներին Pepsi-ի իրացումից հրաժարվելու պատճառները ներկայացնել: Վերջիններս նշել են, թե տարածքը սահմանափակ է և չեն կարող այլ ապրանք ևս իրացնել, և, բացի այդ, սպառողների շրջանում առավել պահանջարկ ունի Coca-Cola: Հանձնաժողովը համարել է, որ վերոնշյալ պատճառաբանությունները անհիմն են: Բացի դրանից, 11 տնտեսվարողներից 4-ը նախկինում իրացրել են Pepsi ըմպելիքները, հետո սակայն, առանց որևէ պատճառաբանության հրաժարվել դրանցից:

Վարչական վարույթի ընթացքում հանձնաժողովն ընդլայնել է ուսումնասիրության շրջանակները՝ դուրս գալով «Դալմա Գարդեն Մոլի» տարածքից և ընդգրկելով տասնյակ այլ օբյեկտներ՝ պարզելու, թե որքանով է վերոնշյալ խնդիրը կրում համընդհանուր բնույթ: Պարզվել է, որ զեղչերի, ակցիաների կամ այլ շահավետ պայմանների միջոցով Coca-Cola-ն պարտադրում է, որ տասնյակ օբյեկտներ իրացնեն միայն իր արտադրանքը: Օրինակ, ընկերության ֆիրմային սառնարանները անհատույց տրամադրվում են տնտեսվարողներին, ինչը տնտեսապես շահավետ է վերջիններիս, քանի որ սառնարանի ձեռքբերման և վարձակալության համար լրացուցիչ ծախսեր չեն կատարում: Ընկերությունը արգելում է, որպեսզի իր սառնարաններում թեկուզև շատ փոքր քանակով ներկայացված լինեն այլ ըմպելիքներ: Coca-Cola-ն տասնյակ տնտեսվարողների մարքեթինգային ծախսերի անվան տակ խոշոր չափերի հասնող գումարներ է փոխանցել, իբրև թե իր վահանակները, ցուցանակները և այլ պարագաներ ցուցադրելու համար: ՏՄՊՊՀ-ն, սակայն, պարզել է, որ տասնյակ դեպքերում տնտեսվարողները ընկերության տարբերանշանով պարագաները ցուցադրում են անվճար. ստացվում է, որ մարքեթինգային գործունեությունը կրում է ձևական բնույթ:

Հանձաժողովն ուսումնասիրել է նաև առկա միջազգային փորձը: Մասնավորապես, ԵՄ տնտեսական մրցակցության օրենսդրությունը այս հարցի հետ կապված սահմանել է հստակ կարգավորումներ, համաձայն որի Coca Cola Hellenic Bottling Company ընկերության համագործակցող տնտեսվարողները իրավունք ունեն վերջինների տրամադրած սառնարաններում 20 տոկոսի չափով սեփական հայեցողությամբ տեղ հատկացնել նաև ցանկացած այլ ընկերության արտադրած ըմպելիքի համար: Նկատի ունենալով վերոնշյալ նախադեպը, ՏՄՊՊՀ-ն զուգահեռաբար նախապատրաստել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, ըստ որի գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները պարտավորված կլինեն իրենց կողմից տրամադրվող սառնարանների և ցուցապահարանների մինչև 20 տոկոսը տրամադրել մրցակից ընկերությունների ապրանքների ներկայացվածություն համար:

Հանձնաժողովը առաջիկայում կուսումնասիրի նաև «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերության գործունեությունը՝ պարզելու՝ արդյոք վերը նշված մրցակցային իրավախախտումները առկա չեն նաև այս ընկերության վարքագծում:

Նման որոշումներCoca-Cola-իդեմ եղել են նաև նախկինում: Մասնավորապես, 2005 թվականին ՏՄՊՊՀ-ն տուգանելէր ընկերությանը` 2004 թվականի եկամուտի 1% գումարի չափով (100 հազար դոլար): Որոշման համար հիմք է հանդիսացել Pepsi ընկերության ներկայացուցիչ «Ջերմուկ Գրուպի» բողոքը: Մասնավորապես, «Կոկա կոլան» սպառնացել էր իր առևտրի կետերից հավաքել ֆիրմային սառնարանները եւ դադարեցնել իր արտադրանքի մատակարարումը, այն դեպքում, եթե այդ կետերում վաճառվի նաեւ Pepsi ընկերության արտադրանքը

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---