Hurriyet-ի մեկնաբան. Թուրքիայի անկումն անկասելի է

Hurriyet-ի մեկնաբան. Թուրքիայի անկումն անկասելի է

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանություններն իրենց նոր կայսերական հավակնությունների և ռազմավարական սխալների պատճառով երկիրը դեպի քաոս են տանում, Անկարան տարածաշրջանային իր հարևաններից շատերին թշնամի է համարում, իսկ նրա արևմտյան դաշնակիցները երես են թեքում նրանից, գրում է Hurriyet Daily-ի մեկնաբան Բուրակ Բեքդիլը:

Թուրքիան շարունակում է անդունդը գլորվել, թեև դեռ մի քանի տարի առաջ համաշխարհային մամուլում հայտնվում էին «Թուրքիան վերելք է ապրում» վերնագրով հոդվածներ, իսկ ԱՄՆ և ԵՄ պետական գործիչներն ու փորձագետները բնութագրում էին Թուրքիայի իշխանություններին որպես «ժամանակակից, ժողովրդավարական, բարեփոխումներին կողմնորոշված եվրոպամետ մահմեդականների», ասվում է հոդվածում:

Նախկինում Արևմուտքը կարծում էր, որ Թուրքիան կարող է օրինակելի լինել Մերձավոր Արևելքի պակաս ժողովրդավարական մահմեդական երկրների համար: Սակայն պարզվում է, ամեն ինչ ճիշտ հակառակն է: Հիմա թուրքերը պետք է բարձր գին վճարեն իրենց առաջնորդների ռեվիզիոնիստական նկրտումների և սխալ ռազմավարական մտածելակերպի համար, գրում է Բուրակ Բեքդիլը Gatestone Institute-ի համար գրված հոդվածում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ խառնաշփոթ է: Ընդամենը 7 ամսում ավելի քան 170 մարդ ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել երկրի տարաբեր քաղաքներում` չհաշված այն հարյուրավոր մարդկանց, որոնք սպանվել են թուրք ուժայինների և քրդերի միջև բախման հետևանքով:

«Իր սահմաններից դուրս Թուրքիան նույնպես քաոսի ծովում է: Երկիրը գնալով ավելի վտանգավոր դարձող պատերազմ է վարում շիաների և Դամասկոսի, Բաղդադի ու Թեհրանի դեմ, ինչպես նաև Ռուսաստանի, որը սատարում է վերջիններիս: Բացի այդ նոր կայսերական հավակնություններով Թուրքիայի համար թշնամական պետություններ են Լիբանանը, Լիբիան, Իսրայելն ու Եգիպտոսը»,-ասվում է հոդվածում:

Ըստ մեկնաբանի, մտահոգում է նաև այն փաստը, որ ՌԴ-ն, որի հետ Անկարայի հարաբերությունները փչացել են, կարող է «շրջապատել» Թուրքիան` Սիրիայի, Ղրիմի և Հայաստանի կողմից: Սիրիայում ՌԴ կողմից սպառազինությունների տեղակայման ֆոնին Թուրքիան անօգնական է թվում»: Իսկ ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները շատ սառը վերաբերվեցին ՌԴ հետ հակամարտության դեպքում նրան օգնելու հարցում, նշում է հեղինակը:

Որպեսզի Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատվի, հարկավոր է մի քանի հարց լուծել: Գիտակցո՞ւմ են արդյոք թուրք իսլամիստները, որ նրանց նոր կայսերական հավակնությունները համարժեք չեն նրանց ուժին ու ազդեցությանը տարածաշրջանում: Կկարողանա՞ն արդյոք սունիները երբևէ զսպել իրենց ձգտումը կրոնական էքսպանսիային: Կկարողանա՞ն արդյոք նրանք ինքնուրույն կասեցնել ծայրահեղականացումը, առանց ոչ մահմեդական պետութունների միջամտության: Ըստ հոդվածի հեղինակի, պատասխանը բացասական է:

Ավելի վաղ The Independen-ը գրել էր, որ Էրդողանը փլուզման եզրին է հասցնում Թուրքիան` հավելելով, որ ներքին առճակատման և հարևանների հետ լարված հարաբերությունների հետևանքով պարտվողի դերում է հայտնվում թուրք ժողովուրդը: «Զրո խնդիրներ հարևանների» հետ հայեցակարգի արդյունքում Թուրքիան փչացրեց հարաբերություններն իր բոլոր հարևանների հետ:

The National Interest-ն ավելի վաղ գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի անհեռատես քաղաքականության հետևանքով Անկարայի խնդիրները հարևանների հետ հասան գագաթնակետին, ինչպես նաև ամրապնդվեցին ահաբեկիչների դիրքերը սահմաններին:

Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին հայտարարեց. «Դավութօղլուն պետք է հասկանա, որ Օսմանյան կայսրությունը փլուզվել է և տարածաշրջանում այլևս բռնապետական պետություն գոյություն չունի: Այնպես որ, այդ բռնապետական մոտեցումը չի համապատասխանում այն սկզբունքներին, որոնցով ապրում է ժամանակակից աշխարհը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---