Արցախյան ազատամարտի հերոս Դուշման Վարդանի տուն-թանգարանը վերաբացվել է

Արցախյան ազատամարտի հերոս  Դուշման Վարդանի տուն-թանգարանը վերաբացվել է

PanARMENIAN.Net - Արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր (հետմահու) Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի տուն-թանգարանը մարտի 9-ին վերաբացվել է վերանորոգումից հետո՝ ծննդյան 50-ամյակի կապակցությամբ:

Տուն-թանգարան է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահն ազատամարտիկի հարազատների և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ռազմահայրենասիրական դաստիարակության սենյակ, գրադարան, տուն-թանգարանի այն սենյակները, որտեղ իր կյանքի 26 տարին է անցկացրել ազատամարտիկը:

Սարգսյանն այցի ավարտին գրառում է կատարել տուն-թանգարանի հյուրերի մատյանում. «Վարդան Ստեփանյանը գիտակից ու հեռատես մտավորականի, հայրենիքի պաշտպանությանը նվիրված կամավորականի իսկական օրինակ է: Իր կարգապահությամբ և խիզախությամբ նա օրինակ էր իր զինակից ընկերների համար դեռ կյանքի օրոք: Նրա անցած մարտական ուղին փառավոր է, ինչպես ուղին մեր ողջ բանակի, որի կազմավորման ակունքներում նաև Դուշման Վարդանն էր ու իր նմանները:

Նրա հիշատակը հավերժացնելու կոչված տուն-թանգարանը, համոզված եմ, ծառայելու է շնորհյալ գործի, որպեսզի Վարդան Ստեփանյանի օրինակը դառնա վարակիչ և ուսանելի գալիք սերունդների համար»,- գրել է նախագահը:

Արցախյան պատերազմի հերոս Վարդան Դուշման Ստեփանյանը ծնվել է 1966-ի մարտի 9-ին Երևանում։ Սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան N32 միջնակարգ դպրոցում։ Աչքի ընկել գերազանց առաջադիմությամբ։ Մանկության տարիներին շատ ժամանակ է անցկացրել գրադարանում, որտեղ աշխատում էր նրա մայրը։ 1983թ. ավարտելով դպրոցը աշխատանքի է անցել բրդե գործվածքների գործարանում։ 1984թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում` սովետական բանակի կազմում։

Զորացրվելուց հետո Դուշմանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի «Իրավաբանական» ֆակուլտետ։

1988-ից Դուշմանն ամբողջապես նվիրվում է Արցախյան շարժմանը, ժողովրդի ազատագրական շարժմանը, ճանաչում ու հարգանք ձեռք բերում ժողովրդի շրջանում և դեռևս կենդանության օրոք դառնում է իսկական լեգենդ։ «Ամոթ է այն երիտասարդների համար ովքեր գնում են Ռուսաստան և դառնում այնտեղ հնոցապան կամ մեխանիկ։ Թուրքիան մեր դարավոր թշնամին է, ո՞վ պետք է դառնա զինվոր կամ սպա, ո՞վ պետք է կռվի»։

«Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ։ Ես զինվորն եմ իմ երկրի», - ասում էր Ստեփանյանը:

Արցախյան պատերազմի առաջին տարիներին գործակցել է Հայ Դատի ռազմական թևի հետ։ Արցախում զենքի պակաս կար և 1989 թ. Վարդանը հատուկ առաջադրանքով մեկնում է Մոսկվա, որտեղից աներևակայելի ճանապարհով, ազատվելով դեռևս գոյություն ունեցող Սովետական միության ստուգումներից, կարողանում է Հայաստան հասցնել զենք ու զինամթերք, որն հետո ուղարկվում է Շուշիի Բերդաձոր գյուղ։ Այնուհետև ընկերոջ՝ Արմեն Երիցյանի հետ ստեղծում է ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվում էին Արցախ մեկնող ֆիդայիները։

1991թ. հոկտեմբերի 30-ին «Դաշնակցություն» ջոկատի կազմում, որի հրամանատարն էր Աշոտ Ղուլյանը (Բեկոր Աշոտ), մասնակցում է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման մարտերին։ Այնուհետև Վարդանի ջոկատը մտնում է Քարագլուխ գյուղ, որը ադրբեջանցիների կողմից իրականացված «Օղակ» օպերացիայի արդյունքում ավերակ էր դարձել։ Վարդանի հաջորդ հաղթանակը Ստեփանակերտի արվարձան Կրկժանի` ադրբեջանական ամուր հենակետի, ոչնչացման ուղղված օպերացիան էր` 1992 թ. հունվարի 22-ին։ Կրկժանն ուղիղ կապ ուներ Շուշիի հետ, որտեղից հակառակորդն անընդհատ մարդկային ու ռազմական համալրում էին ստանում։ Կրկժանի համար մղվող դիրքային մարտերը տևեցին ավելի քան մեկ ամիս և ահա եկել էր վճռական հարձակման անցնելու պահը։ Հայկական գրոհը սկսվեց գիշերը՝ երկու ուղղությամբ։ Իրականացված գործողության մեջ իրենց մեծ դերն ունեցան Դուշմանի տղերքը՝ մոտ 40 կռվող: Նրա խումբը հարձակվելով թիկունքից՝ անակնկալի բերեց թշնամուն:

Քարին Տակի հաղթանակը դարձավ հայկական ուժերի առաջին խոշոր հաղթանակը Արցախյան պատերազմում։ Սա դրեց հայերի իրար հաջորդող հաղթանակների սկիզբը՝ 1992 թ. փետրվարի 10-ից սկսած հայկական ուժերը իրար ետևից ոչնչացրեցին Մալիբեյլ, Գուշչուլար և Լեսնո (Մեշալու) գյուղերի ադրբեջանական կրակակետերը։

Հաջորդ կարևորագույն հաղթանակներից էին Խոջալուի կրակակետերի ոչնչացումը (փետրվարի 25-26-ի գիշերը) և Ստեփանակերտ-ի օդանավակայանի ու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհների բացումը՝ ազատումը ազերիներից։ Այս հաղթանակները կարևոր նշանակություն ունեցան նաև Շուշիի ազատագրման համար։ Խոջալուի ազատագրման ժամանակ Բեկոր Աշոտի ուժերը հարձակման են անցել Ասկերանի շրջանի Քյարտուկ գյուղից։

Հայ զինվորի իսկական սխրանքը դարձավ հնամենի Շուշիի ազատագրումը ադրբեջանաթուրքական 72-ամյա օկուպացիայից։ Անառիկ բերդ հիշեցնող Շուշի մտած ստորաբաժանումների մեջ առաջիններից էր Բեկոր Աշոտի գլխավորած 1-ին դաշնակցական վաշտը, որի մեջ մտնում էր նաև Դուշման Վարդանի գլխավորած խումբը։

Հայկական կողմը տվեց 27 զոհ և շուրջ 180 վիրավոր։ Ադրբեջանական կողմը տվեց շուրջ 300 զոհ և 700 վիրավոր։ Որպես ռազմավար հայկական կողմին մնաց թշնամու ամբողջ հրետանին, զենքերը և այլն։ Շուշիի ազատագրումից հետո ընկերները երկար որոնեցին Վարդանին և գտան հայկական գերեզմանոցում։ Նա շամպայն էր լցնում հին գերեզմանաքարերին՝ «Մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստ եզեք։

Վարդան Ստեփանյանը զոհվեց 1992 թ. հուլիսի 3-ին, երբ իր զինվորական ընկեր Երոի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։ «Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»։ Վարդանի մարմինը հանձնվեց իր այդքան սիրելի հողին՝ Երևանում, հայ զինվորների գերեզմանոցում՝ Եռաբլուրում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---