ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձեւ է ընդունել Հոլոքոսթի ժխտման դեմ

PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձեւ է ընդունել, որը դատապարտում է Հոլոքոսթի որպես պատմական փաստի ժխտումը, հաղորդում է «Ֆրանս Պրեսը»: Փաստաթուղթը ստացել է Գլխավոր վեհաժողովի 193 անդամներից 103-ի աջակցությունը, քվեարկություն չի անցկացվել: Բանաձեւը քննարկման է դրվել երեքշաբթի ԱՄՆ ներկայացուցչի կողմից, որտեղ կոչ է արվում ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներին անվերապահորեն հրաժարվել Հոլոքոսթի իրականության վերաբերյալ մասնակի կամ ամբողջական կասկածներից: Փաստաթղթում առանձին երկիր չի հիշատակվում, սակայն նշվում է, «որ Հոլոքոսթի սարսափելի իրադարձությունների պատմական փաստի անտեսումը, ավելացնում է դրանց կրկնման վտանգը»: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւերը պարտադիր չեն կիրառման համար, ինչպես եւ Անվտանգության խորհրդի բանաձեւերը, սակայն բարոյական եւ խորհրդանշական նշանակություն ունեն: Քվեարկությունը կայացել է Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրվա` հունվարի 27-ի նախօրեին: Այդ օրն ընտրվել է խոշորագույն Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի կալանավորներին 1945 թվականի հունվարի 27-ին ազատագրելու առթիվ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---